Տավուշի մարզի Իջևան քաղաքի քաղաքապետի ընտրություններն ավարտվել են ԲՀԿ-ական թեկնածու, ավագանու անդամ 38-ամյա Վարդան Ղալումյանի հաղթանակով:
ՀՀԿ-ական թեկնածու, 12 տարի գործող քաղաքապետ, 49-ամյա Վարուժան Ներսիսյանը պարտվել է մոտ 1652 ձայնով:
Ըստ այդմ, ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 8712 մարդ` ընտրողների 62.8 տոկոսը:
Վարդան Ղալումյանն ստացել է 5044 քվե, Վարուժան Ներսիսյանը` 3406:
ՀՀԿ-ԲՀԿ թեկնածուների միջև ընտրությունն անցել է բավականին լարված: ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանին սատարելու համար Աբովյանից ու Երևանից Իջևան են եկել մի քանի խմբեր:
Եղել են անգամ ոստիկանություն բերման ենթարկվող անձինք: Մասնավորապես, ըստ որոշ տեղեկությունների, ոստիկանություն են տարել դրսից ժամանած «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայի վարորդին:
Ոստիկանությունից հայտնում են, որ իսկապես, երկու մարդու հրավիրել են ոստիկանության բաժին, քանի որ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ լուրեր են եղել, սակայն այդ մարդիկ ազատ են արձակվել: