Խարդախության մեջ մեղադրվող և անձեռնմխելիությունից զրկված ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանը կարծում է, որ իր դեմ հայտարարված միջազգային հետախուզումը անօրինական է:
Եղիազարյանի կարծիքով՝ Հետաքննչական կոմիտեն ոչ մի հիմք չունի իր գործը փոխանցելու Ինտերպոլին, իսկ դատարանի` հեռակա ձերբակալության որոշումը «բացահայտորեն հակասում է Ռուսաստանի նախագահի կողմից հայտարարված՝ արդարադատության հումանիզացիային և ՌԴ ՔՕ տնտեսական բնույթի հանցագործությունների վերաբերյալ փոփոխություններին»:
Եղիազարյանի մամուլի քարտուղարությունից Интерфакс գործակալությանը հայտնել են, որ դատարանի որոշումը բողոքարկվել է և օրինական ուժի մեջ չի մտել, ուստի «ձերբակալության մասին դատարանի օրինական վճռի բացակայության պայմաններում Ինտերպոլը չի կարող զբաղվել այդ գործով»:
Հիշեցնենք ,որ ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանը մեղադրվում է ավելի քան 1.5 մլրդ ռուբլու խարդախությունների մեջ: 2010 թ. նոյեմբերից նրա հանդեպ հայտարարվել է դաշնային հետախուզում, իսկ նույն թվականի դեկտեմբերից` միջազգային: 2011 թ. մարտին դատարանը որոշում է կայացրել նրան ձերբակալելու մասին։











































