«Ընդերքի մասին» օրենսգրքի փոփոխություններով ոլորտից ընդհանուր հարկումը կավելանա ընդամենը 2.5 մլրդ դրամով: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:
«Ընդերքի մասին» օրենսգիրքն արդեն ավելի քան 6 ամիս է՝ ԱԺ-ում է և անցել է երկրորդ ընթերցումը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի կարծիքով, այժմ՝ տնտեսական ճգնաժամից հետո, ժամանակն է, որ շահութաբեր ոլորտների հարկման մեխանիզմները կատարելագործվեն.
«Տպավորություն չստացվի, թե այդ ոլորտը հարկեր չի վճարում, այդ ոլորտը հարկեր վճարում է, և ամենախոշոր հարկատուների մեջ են մտնում այդ ոլորտի կազմակերպիչները: Վճարում են շահութահարկ, եկամտահարկ, սոցվճարներ, նաև ռոյալթիներ: Ուղղակի գործող վճարման համակարգը կատարելագործվում է, պարզեցվում, և շահութահարկն ու եկամտահարկը միացվում են իրար, ռոյալթին ու շահութահարկը գանձվում են այն կազմակերպություններից, ովքեր ունեն շահութաբերություն ու սովորականից բարձր շահութաբերություն: Այդ սովորականից մեծ շահութաբերությունը, կուզեք անվանեք գերշահութաբերություն, պետք է անպայմանորեն հարկվի նոր մեխանիզմով»:
Ա.Ալավերդյանը հավաստիացրեց, թե ակնկալիքները գերազանցելու են այս տարվա փաստացի մուտքերը:











































