Այս տարի Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է նոյեմբերի 12-ին: Այդ օրը ՄԱԿ-ի շատ միջազգային կազմակերպություններ և հաստատություններ որոշել են համախմբել իրենց ուժերը այդ հիվանդության դեմ պայքարելու համար:
Փորձագետների տվյալների համաձայն՝ ամեն տարի թոքաբորբը խլում է 1,4 միլիոն մինչև 5 տարեկան երեխաների կյանք: Դա ավելի շատ է, քան ՁԻԱՀ-ը, մալարիան և կարմրուկը միասին վերցրած: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Ըստ գիտական հետազոտությունների տվյալների՝ ճիշտ բուժման դեպքում հնարավոր է տարեկան մեկ միլիոն մարդու կյանք փրկել:
Սակայն հիվանդությանը հաղթելու համար անհրաժեշտ է ֆինանսավորում: 42 ամենաաղքատ երկրներում թոքաբորբով հիվանդ երեխաների բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցները գնահատվում են 600 միլիոն դոլար: