Արաբական երկրների լիգան կողմ է քվեարկել Սիրիային ժամանակավորապես հեռացնելու և կազմակերպության նիստերին մասնակցությունը կասեցնելու օգտին՝ կապված այն իրադարձությունների հետ , որոնք տեղի են ունենում երկրի ներսում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Հեռացման որոշմանը կողմ են քվեարկել 18 պետություն, իսկ դեմ են քվեարկել Սիրիան, Լիբանանը և Եմենը: Իրաքը ձեռնպահ է մնացել: Արաբական երկրների լիգայի մեջ են մտնում ընդամենը 22 պետություն:
Սիրիային անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու որոշումը ուժի մեջ կմտնի 2011 թ.-ի նոյեմբերի 16-ին և կգործի այնքան ժամանակ, մինչև երկրում վերջ տրվի արյունահեղությանը: Բացի դրանից, լիգան իր անդամներին կոչ է անում հետ կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից: Լիգայի նիստի ընթացքում որոշում է կայացվել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառել:









































