Արգենտինայի իշխանությունները դատապարտել են բրիտանացի արքայազն Ուիլյամի որոշումը` հաջորդ տարի մեկնել Ֆոլկլենդյան կղզիներ:
Ինչպես հայտնում է BBC-ն, ենթադրվում է, որ 2012 թվականի փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում Քեմբրիջի հերցոգը աշխատելու է Ֆոլկլենդյան արշիպելագում որպես որոնողափրկարարական ուղղաթիռի օդաչու:
Արքայազն Ուիլյամը բրիտանացի զինծառայող է, նա ծառայել է հեծելազորային, նավատորմի և օդային ուժերում: Նա ունի մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի լեյտենանտի կոչում:
Նշենք, որ Արգենտինան Մեծ Բրիտանիայի հետ վիճում է Ֆոլկլենդյան կղզիների համար, որը գտնվում է Ատլանտյան և խաղաղօվկիանոսյան ծովային ուղիների ռազմավարական կարևորագույն խաչմերուկում: Արգենտինայում Ֆոլկլենդյան կղզիներն անվանում են Մալվինյան կղզիներ:
1982 թվականին արգենտինական դեսանտը իջել է Ֆոլկլենդյան կղզիների վրա` ստիպելով բրիտանական փոքր կայազորին հանձնվել: Արգենտինան իր գործողությունները բացատրել է պատմական արդարությունը վերականգնելու հանգամանքով. 19-րդ դարի սկզբին կղզին պատկանել է Արգենտինային: Սական Միացյալ Թագավորությունը այնտեղ է ուղարկել մեծ ռազմածովային ստորաբաժանում` արշիպելագը վերադարձնելու համար:
Արգենտինան պարտություն կրեց, բայց չհրաժարվեց Մեծ Բրիտանիայի նկատմամբ ունեցած իր պահանջներից: Նշենք, որ Ֆոլկլենդյան կղզիների բնակչությունը կազմում է 3000 մարդ:










































