Նորվեգիայի Գերագույն դատարանը վճռել է Անդերս Բրեյվիկի դատալսումները անցկացնել բաց ռեժիմով: Բրեյվիկը մեղադրվում է երկու ահաբեկչություններ իրականացնելու մեջ, որի հետևանքով մահացել է 77 մարդ:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, դատական նիստը, որում վերանայվելու է մեղադրյալի նախնական կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը, տեղի է ունենալու նոյեմբերի 14-ին: Նախորդ լսումները անցկացվել են փակ ռեժիմով:
Ավելի վաղ, առաջին ատյանի դատարանը վճռել էր, որ նորվեգացին տեսակապի միջոցով ցուցմունք կտա բանտախցից, և այդ կադրերը ուղիղ եթերով կցուցադրվեն լրագրողների և մահացածների հարազատների համար: Սակայն Նորվեգիայի Գերագույն դատարանը չեղյալ է համարել այդ որոշումը և վճռել է անցկացնել բաց լսումներ:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 22-ին նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը սպանդ էր կազմակերպել Ուտեյա կղզում, որտեղ այդ պահին տեղի էր ունենում Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական հավաքը: Բրեյվիկը կրակել էր 69 մասնակիցների վրա, ևս ութը զոհվել էին Օսլոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով:










































