Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Թեհրան է ժամանել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխաիլ Բոգդանովը։ Այցը հաջորդել է Ռուսաստանի ու Իրանի միջև Մոսկվայում ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի կնքմանը (մի շարք լրատվամիջոցներ ընդգծում են, որ դրանով կողմերը պայմանավորվել են նաև հետախուզական տվյալների փոխանակման շուրջ)։
Իր երկօրյա այցի շրջանակներում ռուս դիվանագետը մի շարք հանդիպումներ է ունենալու իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նրանց թվում նշվում են Իրանի փոխարտգործնախարար Հուսեին Ամիր Աբդոլահիայի և արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի անունները։
Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ։
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում կնքված ռուս-իրանական ռազմավարական համագործակցության համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Եվգենի Լուկյանովն ու Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի փոխքարտուղար Ալի Բագերին։ Այդ համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն անվտանգության, քաղաքականության, տնտեսության ու տեղեկատվության ոլորտներում։








































