Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն ավստրիական Der Standard օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ադրբեջանը չի ցանկանում ղարաբաղյան հակամարտությունը լուծել ուժային ճանապարհով։ Ադրբեջանն այդ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է։ Տվյալ խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը ցայժմ որևէ հաջողության չի հասել։
Փոխզիջումային որոշումը, որին հակամարտության կարգավորման համար կարող է գնալ Ադրբեջանը, իրենից չի ենթադրում Հայաստանին որևէ տարածքներ հանձնելը։ Ադրբեջանի փոխզիջումը կարող է լինել երկու համայնքների համատեղ բնակեցումը։
Ադրբեջանը կողմնակից է խնդրի քաղաքական լուծմանը, սակայն դրա հետ մեկտեղ, պետք է ուժեղ բանակ ստեղծի։ Հայաստանը շարունակ բարձրացնում է Ադրբեջանի ռազմականացման խնդիրը, սակայն մոտ 3 միլիոն բնակչությամբ Հայաստանն ունի 71,000-անոց բանակ, մինչդեռ նրանից 3 անգամ ավելի բնակչություն ունեցող Ադրբեջանի բանակը կազմում է 63,000 մարդ»։











































