«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ որջ օրվա ընթացքում լուրեր էին շրջանառվում, որ Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը հրաժարական է տվել:
Թերթը փորձել է լուրը ճշտել մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Հասմիկ Շահբազյանից, սակայն վերջինս ասել է, որ ինքը վերապատրաստման դասընթացների է և չի կարող պատասխանել:
«Մարզպետարանի ընդունարանի քարտուղարն էլ ասաց, որ ինքն իրավասու չէ նման հարցերի պատասխանել, իսկ մարզպետն արդեն դուրս է եկել: Զանգահարեցինք Նվեր Պողոսյանի բջջային հեռախոսին, բայց այն անհասանելի էր»:
ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանը «ժողովուրդ»-ին ասել է, որ իրենք ևս տեղյակ չեն մարզպետի հրաժարականի մասին, և մի քանի րոպե է խնդրել՝ լուրը ճշտելու համար:
«Որոշ ժամանակ հետո Մհերյանն ասաց, որ մարզպետարանում չեն պատասխանում իր հեռախոսազանգերին, իսկ Նվեր Պողոսյանի հեռախոսն անհասանելի է: Այդպես էլ անհասկանալի մնաց՝ Նվեր Պողոսյանը հրաժարական տվե՞լ է, թե՞ ոչ. նրա գտնվելու վայրն անհայտ է»:









































