Պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի` ՀՀ ոստիկանապետ նշանակվելով ո՛չ բանակն է մի բան կորցնում կամ շահում, ո՛չ էլ ոստիկանությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:
«Իշխանության մեջ գտնվող առանձին անձանց փոփոխություններով երկրում ոչ մի բան չի փոխվում: Համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, համակարգը պետք է փոխվի: Վլադիմիր Գասպարյանը չհասցրեց բանակում աշխատել: Բայց խնդիրն այլ է. արդյո՞ք նա ուզում էր այնտեղ ինչ-որ բան փոխել»,- հարց հնչեցրեց իրավապաշտպանը:
Դիտարկմանը` ընդունա՞կ է պաշտպանության փոխնախարարն իր նոր պաշտոնում բարեփոխել ոստիկանական համակարգը, Միքայել Դանիելյանը նկատեց. «Եթե Վլադիմիր Գասպարյանը ցանկանա դա անել, կարող է, որովհետև նա «ժոստկի» մարդ է: Բայց արդյոք Գասպարյանն ուզո՞ւմ է փոխել ՀՀ ոստիկանությունը կամ նրան թողնելո՞ւ են, չգիտեմ: Իմ կարծիքով՝ ամեն դեպքում, դժվար թե որևէ բան փոխվի»,- ամփոփեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահը:
Նշենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան արդեն իսկ հաստատել է իր պաշտոնանկության մասին լուրերը: Նրան այս պաշտոնում կփոխարինի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Սարգսյանը նշանակվելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում:










































