ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Ջոն Հեֆերնին` դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ`նշելով, որ վստահ է, որ դեսպանը դիվանագետի և ՆԱՏՕ-ում աշխատանքի տարիներին պաշտպանության, անվտանգության հարցերի շուրջ կուտակած մեծ փորձը կծառայեցնի հայ-ամերիկյան հարաբերությունների, այդ թվում նաև պաշտպանական ոլորտի հարաբերությունների հետագա զարգացման և խորացման գործում:
ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին համառոտ ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացված բարեփոխումները և պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Դեսպան Հեֆերնը նշել է, որ ամերիկյան կողմը բարձր է գնահատում Աֆղանստանում, Կոսովոյում, ինչպես նաև Իրաքում խաղաղապահ առաքելությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի կողմից ցուցաբերված և ցուցաբերվող աջակցությունը:
Դեսպանը հավելել է, որ ողջունելի է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը և ամերիկյան կողմը պատրաստակամ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել և զարգացնել հարաբերությունները հայկական կողմի հետ երկկողմ ձևաչափով, ինչպես նաև ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այլ երկկողմ հետաքրքություն ներկայացնող հարցեր:









































