Եվրոպացի հնագետները եկել են այն եզրակացության, որ
Արևմտյան Եվրոպայում նեոլիթի (ուշ քարե դար) դարաշրջանում ապրող ցեղերի տղամարդկանց կեսը սիրել է ճանապարհորդել:
Այդ մասին են վկայում վաղնջական Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի և Եվրոպայի այլ վայրերի
բնակիչների գենետիկ նմանությունները:
Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի Հետազոտությունների ազգային կենտրոնի գիտնականները` Մարիա Լականի գլխավորությամբ, վերականգնել են վաղնջական ճանապարհորդների անցած ճանապարհը`ուսումնասիրելով հին եվրոպացի տղամարդկանց Y քրոմոսոմներն ու ԴՆԹ-ները:
Գենոմների այդ բաղադրիչները «դուրս են բերվել» Իսպանիայի հյուսիսում գտնվող Ավելաներայի քարայրում հայտնաբերված մարդկանց կմախքներից ու ատամներից: Նախնական գնահատականների համաձայն` այդ աճյունները շուրջ 7000 տարեկան են:
Ինչպես նշում են գիտնականները, իրենք անցկացրել են կրիմինոլոգիական փորձաքննություն` որոշելու աճյունների պատկանելությունը, տարիքը: Փորձաքննությամբ պարզվել է, որ աճյունները պատկանում են 6 տղամարդու ու մեկ կնոջ:
Հնագետները համեմատել են հին իսպանացիների գենոմներում առկա ԴՆԹ-ները և պարզել, որ դրանք պատկանում են հին եվրոպացիների 4 ենթախմբի, որոնց մի մասը` U և H խմբերի պատկանող ենթախմբերը, ներկայումս տարածված են ոչ թե Եվրոպայի հարավում, այլ հյուսիս-արևելքում:
Պարզվել է, որ անձավում հայտնաբերված 6 տղամարդկանցից 5-ը պատկանել են G2a ընտանիքին, մյուսը` E1b1b1 խմբին: Գիտնականների խոսքով` G2a խումբը գրեթե չի հանդիպում ժամանակակից Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Այս քրոմոսոմն ունեցող տղամարդկանց թիվը չի գերազանցում 0,3%-ը:
Մյուս կողմից` E1b1b1 քրոմոսոմով եվրոպացիների թիվը Եվրոպայի տղամարդկանց շրջանում կազմում է 2,44%: Նմանատիպ քրոմոսոմներ հաճախ հանդիպում են Ալբանիայի, Բոսնիայի, Հունաստանի ու ֆրանսիական Պրովանսի շրջանում:
Դա, ըստ գիտնականների, այն բանի վկայությունն է, որ հին եվրոպացիները սիրել են շրջագայել: Այդ Y քրոմոսոմով մարդիկ շատ են հանդիպել քարե դարում Եվրոպայի տարբեր շրջաններում։ Սա անուղղակիորեն հաստատվում է նրանով, որ, այսօրվա դրությամբ, այս ընտանիքին պատկանող տղամարդկանց ամենամեծ խումբը բնակվում է Կովկասյան տարածաշրջանում:
Երկու տարբեր ընտանիքների պատկանող քրոմոսոմները նույն շրջանում վկայում են, որ այս տարածքում ապրող մարդիկ Եվրոպա են գաղթել մի քանի ուղղություններով:
Գիտնականները ենթադրում են նաև, թե քրոմոսոմների այդ տարբերակումը կարող է բացատրվել նրանով, որ հնում մարդիկ տեղաշարժվել են, բնակվել մի վայրում, ապա մի քանի սերունդ անց տեղափոխվել այլ բնակավայր:










































