ՀՀ-ում գյուղտեխնիկան հիմնականում ներդրվել է դրամաշնորհների հաշվին: Ներկա պահին կատարվում են գյուղտեխնիկայի ներկրման աշխատանքներ․ Բացի դրամաշնորհներից, որը մենք սպասում ենք Ճապոնիայի կառավարությունից, բանակցություններ են վարվում նաև Հնդկաստանի կառավարության հետ՝ լիզինգային ծրագրով գյուղտեխնիկա և այլ գործիքներ ձեռք բերելու համար:
Բացի դրանից՝ վերջերս կարևոր հանդիպում է տեղի ունեցել ՌԴ-ի կորպորացիաներից մեկի հետ, որը 60-ից ավելի գյուղտեխնիկա արտադրող կորպորացիա է: Ռուսաստանի գործընկերներն առաջարկել են 50 միլիոն դոլարի կարգի վարկային կամ լիզինգային ծրագիր՝ ներկայացված գյուղտեխնիկայի և գյուղգործիքների չափորոշիչներով և հատկացման հետևյալ պայմաններով․ իրենք յոթ տարով հինգ տոկոս տոկոսադրույքով տրամադրում են 50 միլիոն դոլարի գյուղտեխնիկա և գործիքներ: Սակայն բանակցությունները դեռ շարունակվում են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց փոխգյուղնախարար Վարդան Կարապետյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ ներկա պահին ունեն չորս ծրագրային գործընթաց, որը կթարմացնի հանրապետության գյուղտեխնիկան և գյուղատնտեսական գործիքները:
Փոխգյուղնախարարին հիշեցնելով, որ Հայաստանում համայնքների թիվը ութ հարյուր վաթսունհինգն է, լրագրողը հարցրեց, թե դրանց քանի տոկոսն է ապահովված գյուղտեխնիկայով:
Նրա խոսքերով՝ բոլոր մարզերում էլ գյուղտեխնիկայի պահանջարկ կա, բայց որ ասենք, թե եղածը չի բավականացնում, դա էլ ճիշտ չի լինի: «Գոյություն ունի մաշվածության չափ: Այսօր մեր առաջին խնդիրն այն է, որ գյուղտեխնիկան և գյուղգործիքները հանրապետությունում պարբերաբար թարմացվեն, որպեսզի կորուստները քիչ լինեն: Այսօր մոտավորապես յոթանասուն տոկոսով տեխնիկայի ապահովվածություն կա, բայց տեխնիկայի մաշվածությունը բերում է նրան, որ չի համպատասխանում ապահովվածության չափորոշիչներին: Իսկ երբ մի տեխնիկա երեսուն տարուց ավելի է օգտագործվում, նրա և վառելիքի ծախսն է շատանում, և կորուստներն են շատանում: Այսինքն՝ տեխնիկան կա, բայց օգտակարությունը քիչ է»,- ավելացրեց փոխգյուղնախարարը:
Գնային առումով Վարդան Կարապետյանը նշեց, որ կատարում են մոնիտորինգ, և, ըստ այդմ, ռուսական տեխնիկան համեմատաբար ավելի էժան է, քան մյուս երկրներից ներկրվածը: Ավելին` ռուսական տեխնիկայի պահեստամասերը ավելի հեշտ է հայթայթել և ներկրել, քան մյուս երկրներինը: Նկատեց, որ որակի առումով ևս ռուսականն ավելի լավն է:










































