«Ժողովուրդ»-ը գրում է.
«Օրերս Արարատի մարզի N զորամասերից մեկում ժամկետային զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Հետևանքը եղել է այն, որ ժամկետային զինծառայողներից մեկը դանակահարել է ծառայակցին, որին տեղափոխել են տվյալ զորամասի բուժկետ»:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մերի Սարգսյանը «ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ զինծառայողներ Հայկ Գարեգինյանի և Գարեգին Լալայանի միջև վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Լալայանն իր մոտ եղած սվին-դանակով հարվածել է Գարեգինյանի մեջքին՝ պատճառելով չթափանցող մարմնական վնասվածքներ:
«Երեկվա դրությամբ ժամկետային զինծառայող Հայկ Գարեգինյանի առողջական վիճակը գնահատվում էր լավ: Ինչպես տեղեկացանք, դանակահարող Գարեգին Լալայանը հայոց բանակ է զորակոչվել 2009 թվականի աշնանը, այսինքն՝ մի քանի շաբաթ հետո պետք է զորացրվեր: Ի դեպ, եթե հաստատվի նրա մեղքը, ապա Գարեգինին սպառնում է 4-ից 8 տարվա ազատազրկում»,- հավելում է թերթը:









































