Սթիվ Ջոբսի հարազատ քույրը` Մոնա Սիմփսոնը, եղբոր հուղարկավորության արարողության ժամանակ իր հրաժեշտի խոսքում պատմել է Apple ընկերության հիմնադրի կյանքի վերջին րոպեների մասին:
Ինչպես հաղորդում է The New York Times պարբերականը, Մոնա Սիմփսոնը պատմել է, որ հոկտեմբերի 4-ին եղբայրը զանգահարել է իրեն և խնդրել գալ իր մոտ` Պալո Ալտո: Սակայն նա վրա է հասել Ջոբսի կյանքի վերջին վայրկյաններին:
Քույրը պատմում է, որ մահից առաջ Ջոբսի շնչառությունն արագացել է և ծանրացել: «Կարծես թե դժվարությամբ սար էր բարձրանում,- հիշում է Մոնա Սիմփսոնը:- Նա երկար նայեց կնոջը և երեխաներին: Նրա վերջին բառերն էին` «Oh wow, Oh wow, Oh wow»:
Սթիվ Ջոբսը նաև քրոջը խոստովանել է, թե շատ է ցավում, որ իրենք չեն կարող միասին ապրել իրենց ծերությունը՝ ինչպես երազում էին:
Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը մահացել է հոկտեմբերի 5-ին 56 տարեկանում` երկարատև հիվանդությունից հետո:











































