«Ես չեմ տեսնում որևէ նախադրյալ, որը հնարավորություն կտա արդար ընտրություններ անցկացնել, իսկ քանի որ այդ նախադրյալը չկա, ենթադրել, որ մենք խորհրդարանում կարող ենք ունենալ որակյալ մեծամասնություն իմփիչմենթի համար՝ չեմ տեսնում և չեմ կիսում այդ օպտիմիզմը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, թե ՀԱԿ-ը պետք է կարողանա խորհրդարանում այնպիսի ուժ ներկայացնել, որ կարողանա Սերժ Սարգսյանին իմփիչմենթ հայտարարել, կարծիք հայտնեց ՀԱԿ մաս կազմող «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Նրա գնահատմամբ՝ կեղծվող ընտրությունների պայմաններում ՀԱԿ-ն ինչքան էլ տեղ ստանա, դա կնշանակի, որ դա իշխանությունների ցանկությունն է եղել. «Մենք կհավաքենք 90 տոկոս՝ իրենք կգրեն 5,5, մենք կհավաքենք 1 տոկոս՝ իրենք էլի կգրեն 5,5, ու մեզ այնտեղ կպահեն որպես ընդդիմության նմուշ»:
Գիմիշյանը նշեց, որ եթե իշխանությանն անհրաժեշտ լինի, որ ՀԱԿ-ը որպես նմուշ լինի խորհրդարանում, ապա անգամ մեկ տոկոս հավաքելու դեպքում, նրանք կգրեն անցողիկ տոկոսը և կասեն` ընդդիմությունը ԱԺ-ում ներկայացված է: Գիմիշյանը նկատեց, որ մեկ հույս կա, որ քաղաքականացված պահին ՀԱԿ-ը պետք է ոչ թե խորհրդարանական ընտրություններում ներկայացված լինելու խնդիր լուծի, այլ ժողովրդական ալիքը պետք է օգտագործի իշխանափոխության համար. «Հակառակ դեպքում ես այդ ընտրություններին մասնակցելու լուրջ իմաստ չեմ տեսնում»:









































