Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, եմենցի ակտիվիստ Թավաթուլ Քարմանը հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա վարչակարգի դեմ` մեղադրելով «արաբական գարնան» և մասնավորապես Եմենում տեղի ունեցող դեպքերի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար:
Ինչպես հայտնում է MIGnews լրատվական գործակալությունը, Քարմանը նշել է, որ հիասթափված է «արաբական գարնան» նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքից: Նրա խոսքերով՝ ամերիկյան կառավարությունը հայտարարել է, որ աջակցում է արաբական երկրներում ժողովրդավարական կարգերի հաստատմանը և նույնիսկ աջակցել է Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցած ազգային շարժումներին: Այնուամենայնիվ, Օբաման կապը չի խզել Եմենի նախագահ Սալեհի հետ, որին դիտում է որպես դաշնակից ահաբեկչության դեմ պայքարում:
Հարկ է նշել, որ չնայած եմենցի իրավապաշտպանի հայտարարությանը, ամերիկյան կառավարությունը կոչ է արել Եմենի նախագահին անհապաղ իշխանությունը հանձնել:








































