Հայաստանի սփյուռքի և առողջապահության նախարարությունների «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ Սրտաբանության եվրակովկասյան երրորդ համաժողովը, որին մասնակցում էին շուրջ 250 սրտաբաններ՝ Հայաստանից, Արցախից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Անգլիայից և այլ երկրներից:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, նշեց, որ առողջապահությունը համարվում է գերակա ուղղություն և գտնվում է Հայաստանի նախագահի անմիջական վերահսկողության ներքո, «հայ մարդու առողջությունն առաջնային խնդիր է, և դրա համար պետք է օգտագործենք արևմտյան և եվրոպական փորձը»: Նախարարը հույս հայտնեց, որ համաժողովը արդյունավետ ընթացք կունենա: Համաժողովին ներկա առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանն իր հերթին նկատեց, որ այսօրվա միջոցառումը լավ առիթ է համախմբելու աշխարհի հայ սրտաբաններին և թույլ կտա նրանց մասնագիտական հմտությունները փոխանակել տեղի հայ սրտաբանների հետ:
Սրտաբանների եվրակովկասյան կոնգրեսի գիտական խորհրդի նախագահ Փոլ Բառագանը նկատեց, որ սրտաբանության նոր մակարդակի շնորհիվ Ֆրանսիայում այսօր սիրտ-անոթային հիվանդություններից մահացության դեպքերն այլևս առաջինը չեն, և իրենց նպատակն է, որպեսզի Հայաստանում ևս սրտային հիվանդությունները անցնեն երկրորդ պլան: «Սրտային հիվանդություններից խուսափելու համար Ֆրանսիայում պայքարում ենք նախևառաջ ծխելու դեմ, ինչպես նաև քարոզում ենք առողջ ապրելակերպ և առողջ սնունդ»:
Ֆրանսահայ սրտաբան Ավետիս Մատիկյանը, համաձայնելով նրա հետ, նշեց, որ եթե Հայաստանում սրտային հիվանդությունների միջին տարիքը 40-45 է, ապա արևմտյան երկրներում`55:
Հիշեցնենք, որ համաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության հետ առաջին անգամ կազմակերպվել է 2009 թվականի հոկտեմբերին:









































