«Առաջին լրատվական»-ի տվյալով` այսօր` հոկտեմբերի 28-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Մայր աթոռ սուրբ Էջմիածնի վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունել է ՌԴ Հասարակական պալատի պատվիրակությանը` ՌԴ Հասարակական պալատի քարտուղարի տեղակալ Միխայիլ Օստրովսկու գլխավորությամբ:
Պատվիրակությանն ուղեկցող Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է ՀՀ Հանրային խորհրդի և Հասարակական պալատի միջև հաստատված կապերը և հոկտեմբերի 27-ին ստորագրված համաձայնագրով նախանշվող համագործակցությունը տարբեր ոլորտներում:
Նաթան սրբազանը ներկաներին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները:
Նաթան սրբազանը կարևորել է հանրային խորհուրդների դերակատարությունը հասարակության կյանքում և ողջունել տարբեր երկրների համանուն կառույցների միջև հաստատվող համագործակցությունը` ի խնդիր հանրության կյանքում առկա խնդիրների համատեղ ուժերով հաղթահարման:
ՌԴ Հասարակական պալատի քարտուղարի տեղակալ Միխայիլ Օստրովսկին ներկայացրել է ՌԴ Հասարակական պալատի գործունեությունը և համագործակցությունը եկեղեցիների հետ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ համայնքին, ինչպես նաև Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների հարաբերություններին:











































