Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը նոյեմբերի սկզբին այցելելու է Կիպրոս։ Այս մասին հայտնում է կիպրական ռադիոն։
Վերջինիս տվյալներով՝ այցը տեղի է ունենալու նոյեմբերի 2-4-ը։ Պերեսի կիպրական այցի ծրագրում ընդգրկված է նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի հետ տետ ա տետ և ընդլայնված կազմով հանդիպումների անցկացումը։
Ակնկալվում է, որ այդ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցը։ Բացի այդ, ակնկալվում է, որ Շիմոն Պերեսը Կիպրոսում հանդիպումներ է ունենալու Կիպրոսի խորհրդարանի խոսնակ, սոցիալ-դեմոկրատական շարժման ղեկավար Յաննակիս Օմիրուի հետ։
Հիշեցնենք, որ Թուրքիան վերջին շրջանում բավական լարված հարաբերությունների մեջ է Իսրայելի և Կիպրոսի հետ, ինչի պատճառը արաբական աշխարհի առաջնորդ դառնալու ձգտումն է և Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր ռազմաքաղաքական դիրքերի ամրագրումը։








































