ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով 2012թ․-ի բյուջեին, որը նախատեսում է հարյուր մեկ միլիարդի չափով հարկեր գանձել, և այն հարցին, թե դա ինչպես կազդի մանր ու միջին բիզնեսի վրա, ասաց. «Այս տարվա բյուջեն հավանաբար կլինի նախընտրական և ընտրակաշառքները օրինականացնող բյուջե: Տարիներ շարունակ չլուծված, չակատարված պարտականությունները վերջապես այդպես՝ մի ծափ֊-ծիծաղով, մի բաժակաճառերով, մի գովքով, ուղղակի այդ շրջանակներում կներկայացնեն:
Անգամ մանկահասակ երեխային է պարզ, որ այս հարկահավաքությունը կատարվելու է առաջին հերթին փոքր ու միջին բիզնեսի հաշվին: Հատկապես այն դեպքում, որ արդեն մեկ տարի է, ինչ այս երկրի խնդիրները թողած, չբավարարվելով՝ կոալիցիոն մեկ հուշագրով, հիմա էլ երկրորդ սերիան են սկսել․ ամբողջ ամռանը երկխոսություն, և արդյունքում ոչ մի խնդիր չլուծվեց:
Ամբողջ քաղաքական էներգիան, կառավարման բոլոր գործընթացները ուղղված են ոչ թե խնդիրները լուծելուն, այլ վերարտադրությանը և իշխանության պահպանմանը»:
Ինչ վերաբերում է վարչապետի՝ կոտրած տաշտակ արտահայտությանը, ապա այն Ստյոպա Սաֆարյանին հիշեցրել է՝ ով մեզ հետ չէ, տականք է արտահայտությունը:
Լարիսա Ալավերդյանին էլ հետաքրքրում է՝ ով է տաշտակը, ձկնիկը և պառավը: Ստյոպա Սաֆարյանը լրացրեց, որ երևի նկատի են ունեցել հետևյալը․ ով մեզ հետ չէ, մոտ չէ կերակրատաշտին:











































