Ռուսաստանի Ալթայ երկրամասի Սմոլենսկայա գյուղում ապրող հայ գործարար Վարազդատ Մակարյանի առանձնատան դարպասին ֆաշիստական խաչ է հայտնվել և «Ռուսաստանը՝ ռուսների համար» մակագրությունը: Նա մոտ 20 տարի է՝ ապրում է Ռուսաստանում: Ամուսնացած է ռուս կնոջ հետ և ունի երկու երեխա: Նրան է պատկանում «Ալթայի հաց» ձեռնարկությունը: Այս մասին հաղորդում է amic.ru կայքը։
Վարազդատ Մակարյանը միայն մեկ տարբերակ ունի, որով կարող է հիմնավորվել նման արարքը: Մի քանի տարի առաջ նրա հարաբերությունները լարված են եղել այդ շրջանի ղեկավարի հետ: Եվ հայ գործարարի ենթադրությունն այն է, որ դա հենց նրա ձեռքի գործն է:
Այդ ենթադրությունը զուրկ չէ տրամաբանությունից, քանի որ Սմոլենսկայա շրջանի ղեկավարի անունը Վլադիմիր Շիտց է: Ազգանունից երևում է, որ նա ունի գերմանական արմատներ: Ըստ ևս մեկ վարկածի՝ այդ շրջանում հայերն ու գերմանացիներն իրար չեն սիրում, և որպես պատճառ առաջ է քաշվում այն հանգամանքը, որ գերմանացիներն աշխատում են ճանապարհաշինարարական ընկերություններում և ղեկավար դիրքեր են զբաղեցնում, իսկ հայերը ճանապարհավերանորոգման աշխատանքներ են կատարում, ինչի պատճառով էլ նրանց հարաբերությունները լարված են:









































