Լիբիայի ազգային անցումային խորհուրդը խոստացել է դատարանին հանձնել նրանց, ովքեր սպանել են նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին, հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Al-Arabiya հեռուստաընկերությանը:
Ալժիրյան Algeria-ISP տեղեկատվական կայքը մի տարբերակ է առաջ քաշել, ըստ որի Սինդ Ալ-Արաբին հոսպիտալացվել էր Քադաֆիի վրա կրակելուց հետո, իսկ նրան վերացնելու համար վարձել են կին-դիպուկահարի:
Նախօրեին Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի ընտանիքը որոշել է դիմել Հաագայի միջազգային դատարան` ընդդեմ ՆԱՏՕ-ի «ռազմական հանցագործությունների»:
Ավելի վաղ լիբիական նոր իշխանությունները իրավապաշտպանների և արևմտյան երկրների պահանջով սկսել էին Քադաֆիի սպանության հետաքննությունը:
Քադաֆիի մահվան հանգամանքները դեռ չեն պարզվել: Համաձայն տարբերակներից մեկի` նա մահացել է փոխհրաձգության ժամանակ, իսկ մեկ այլ տարբերակի համաձայն էլ` նրան գերի են վերցրել ապստամբները, դաժանորեն ծեծել, այնուհետև սպանել: Այս շաբաթ Քադաֆիին հուղարկավորել են գաղտնի վայրում:







































