Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Կամավոր ռազմա-հայրենասիրական մարզական-տեխնիկական հանրությունը հետախույզների պատրաստման դասընթացներ է կազմակերպում։ Այս մասին հայտնել է այդ հանրության նախագահ, գեներալ-մայոր Նովրուզալի Օրուջևը։
Վերջինիս խոսքերով՝ այդ դասընթացներին կարող են մասնակցել զորակոչային տարիքի հասած երիտասարդ անձինք։ Ներկայումս անհրաժեշտ աշխատանքներ են տարվում այդ դասընթացների բացման համար։
Դասընթացներն անցկացնելու են հատուկ նշանակության զորքերի սպաները։ Վերջիններս դասընթացի մասնակիցներին կիրազեկեն հետախույզների համար անհրաժեշտ հմտությունների մասին։ Նրանց ուսուցանելու են քողարկամիջոցներ, տարբեր տիպի զենքերից օգտվելու հմտություններ, ձեռնամարտի կանոններ և այլն։
Օրուջևի խոսքերով՝ այդ դասընթացների յուրահատկությունն այն է, որ նրանց ուսուցանելու են կրակել անաղմուկ զենքից, մասնավորապես՝ արբալետից. «Մենք արդեն պատվիրել ենք 40-50 մետր հեռահարությամբ արբալետներ։ Հարցումները ցույց են տվել, որ զինծառայության մեկնող երիտասարդ անձանցից շատերը հետախուզությունում ծառայելու ցանկություն են հայտնել։
Դասընթացների կազմակերպումը բխում է հենց այդ ցանկությունից։ Մասնակցությունը կամավոր հիմունքով է արվում։ Ներկայումս իրականացվում են նաև վարորդների, դիպուկահարների ու ականային ինժեներների դասընթացներ»։









































