Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնում գործող Sidar Global Advisors հետազոտական խումբն իր հերթական հետազոտությունը նվիրել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված գազային համաձայնագրերի փաթեթին։
Հետազոտության մեջ նշված է. «Թուրք-ադրբեջանական գազային համաձայնագրի կնքումը նշանակալից իրադարձություն է։ Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթի մանրամասները չեն հրապարակվում՝ Sidar Global Advisors-ը հավատում է, որ ադրբեջանական գազի՝ թուրքական տարածքով տարանցման մասին համաձայնագիրն ունի վճռորոշ նշանակություն «Հարավային գազային միջանցքի» նախագծի համար։
British Petroleum-ի գլխավորած կոնսորցիումը, որը զբաղվում է ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակմամբ, կարող է հակված մնալ ավելի վաղ հայտարարած գրաֆիկին։
Հիշեցնենք, որ թուրք-ադրբեջանական գազային համաձայնագիրը կնքվել է երկու օր առաջ Իզմիրում։









































