Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է մասնակցություն ձեռք բերել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ կապիտալում դրա 49 տոկոսի չափով և այդ նպատակով յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով գնել 490 բաժնետոմս։ Նշված 4 մլն 900 հազար դրամը կհատկացվի ՀՀ կառավարության աշխատակազմին։ Որոշվել է նաև «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ կապիտալում ՀՀ պետական բաժնեմասի կառավարման իրավասությունը լիազորել ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականին` նրա համաձայնությամբ։
Ծրագիրը, որը հիմնականում նախատեսված է իրականացնել մասնավոր կապիտալի ներգրավմամբ, բացի ներդրողների համար շահավետ գործունեության ապահովումից, կունենա նաև մակրոտնտեսական և սոցիալական մի շարք դրական արդյունքներ։ Նշելով այս հանգամանքը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ այս փորձնական ծրագիրն աշխատատեղերի բավական մեծ աճ է խոստանում. «Եթե ջերմոցային տնտեսությունների զարգացման այս մոդելն իրեն արդարացնի, ապա մենք Հայաստանում ջերմոցային տնտեսությունների մեծ ցանց ունենալու շնորհիվ ակնկալում ենք 40-50 հազար աշխատատեղերի ստեղծում։ Հիմնվող ընկերության նպատակը Հայաստանում նման բիզնես ծրագրերի ներդրմանն օժանդակելն է»։











































