Կառավարության շենքի առջև ամեն հինգշաբթի բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիական նախաձեռնությունները հայտնվել են Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ: Բանակում՝ խաղաղ պայմաններում զոհված Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, ինչպես ամեն հինգշաբթի, այսօր առավոտյան էլ ցանկացել է կառավարության շենքի առջև իր խաղաղ ակցիան անցկացնել: Ոստիկանության աշխատողները կտրել են ճանապարհը և նրա թևերից բռնած տարել են շատրվանների մոտ:
Այժմ կառավարության շենք տանող բոլոր ճանապարհները վերահսկվում են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից: Ոստիկանները այս քայլը պատճառաբանում են նրանով, որ այսօր հոկտեմբերի 27-ն է: Այժմ հրապարակի շատրվանների մոտ են հավաքվել ապամոնտաժման ենթակա կրպակների տերերը, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները և բանակում զոհված զինծառայողների ծնողները, «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անդամները և ակտիվ քաղաքական գործիչներ, «Ժառանգության» ԱԺ պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը:
«Մեր երկիրը դարձել է ոստիկանական պետություն, չի թույլատրվում կանգնել կառավարության շենքի առջև, նախագահի նստավայրի մոտ, նույնիսկ՝ խորհրդարանի վանդակաճաղերի մոտ: Ի՞նչ է սա նշանակում: Թող վերցնեն իրենց կառույցները և հեռանան երկրից»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ստեփան Սաֆարյանը: Այժմ երեք տարբեր ակցիայի մասնակիցներ են միավորվել և շատրվանների ամբողջ երկայնքով կանգնած՝ իրենց ակցիան են շարունակում, իսկ ոստիկանական վերահսկողությունը ավելանում է:











































