Այսօր առավոտյան բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում- հանրային քննարկում Թռչկանի ջրվեժի վրա կառուցվող հէկի վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել նախարարության, նախագծող ընկերության ներկայացուցիչները, շինարարությունն իրականացնող «Ռոբշին» ընկերության տնօրենը, հասարակական կազմակերպություններից բնապահպաններ և «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները:
Բոլոր կողմերը ներկայացրել են իրենց մտահոգությունները, իսկ բնապահպանության նախարարության կողմից հնչել է առաջարկ հէկի շինարարությունը իջեցնել ջրվեժի ներքևի հատված: «Բնապահպանության նախարարության կողմից հնչեց առաջարկ ևս մեկ անգամ վերանայել հէկի կառուցման վայրը: Այս որոշմանը մենք կողմ ենք, բայց այս պահին շինարարությունը չի դադարեցվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության ակտիվիստ, բնապահպան Արման Վերմիշյանը` շարունակելով, որ եթե պաշտոնապես չի դադարեցվում շինարարությունը, նշանակում է` դրական տեղաշարժ չենք կարող արձանագրել:
Շինարարություն իրականացնող ընկերության տնօրենը հանդիպմանը ներկայացրել է նաև իր մտահոգությունները՝ ասելով, որ ունի բոլոր համապատասխան փաստաթղթերը, ծախսեր է կատարել, վարկ է վերցրել: Հանդիպումն ավարտվել է, և բնապահպանները չեն համարում, որ որևէ բան փոխվել է: Այժմ նրանք պատրաստվում են նամակներ հանձնել ՀՀ վարչապետին և քաղաքաշինության, բնապահպանության և տարածքային կառավարման նախարարություններին. ներկայացնելու են լուսանկարներ, որոնցում հստակ երևում է, թե ինչ բնապահպանական խախտումներ արդեն կատարվել են:
«Մեր պահանջն է, որպեսզի դադարեցվի շինարարությունը, և հասցված վնասը փոխհատուցվի»,- հաստատեց «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության դիրքորոշումը Արման Վերմիշյանը:
Տեղեկացնենք, որ Թռչկան ջրվեժի և իրենց բնության տերը լինելու նպատակով երեկ Մեծ Պառնիի համայնք մեկնել են 10-12 բնապահպաններ, արշավականներ և երիտասարդներ: Նրանք անժամկետ ակցիա են հայտարարել և հանգրվանելու են ջրվեժի շրջակայքում այնքան ժամանակ, մինչև պաշտոնապես դադարեցվի շինարարության աշխատանքները: Երեկ բնապահպաններին հաջողվել է կանգնեցնել հէկ-ի շինարարության աշխատանքները:
«Վաղը Թռչկան է գնալու բնապահպանների և ակտիվիստների մյուս խումբը, որպեսզի փոխարինի այն խմբին, որը երեկ է գնացել: Մենք անժամկետ ակցիա ենք հայտարարել և ջրվեժի շրջակայքում վրանային ճամբարում մնալու ենք այնքան ժամանակ, ինչքան հարկավոր լինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ, ակտիվիստ Արփինե Գալֆայանը: Նա նաև նշեց, որ լինելու են ակցիաներ նաև հինգշաբթի օրերին կառավարության շենքի առջև:









































