«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Միացյալ Նահանգների Կոնգրեսում երեկ տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանն ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը հայամետ կոնգրեսականներ Հովարդ Բերմանին և Ադամ Շիֆին հանձնել է «Մխիթար Գոշ» մեդալը։
Կալիֆոռնիան ներկայացնող դեմոկրատ կոնգրեսականները Հայաստանի Հանրապետության բարձր պարգևին են արժանացել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրած ջանքերի և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած նպաստի համար։
Համապատասխան հրամանագրերը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանբ ստորագրել էր այս տարվա ապրիլի 11-ին։
Միջոցառումը տեղի է ունեցել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատմական դահլիճում, որտեղ բազմիցս քննարկվել են հայությանը հուզող հարցեր, այդ թվում` հավանության են արժանացել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի նախագծեր։
Հանդիսությանը մասնակցել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի 18 անդամները, այդ թվում` հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը և Էդ Ռոյսը, ԱՄՆ-ում Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը և ներկայացուցիչներ:









































