Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Ադրբեջանի՝ ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելուն.
«Ադրբեջանը կողմնակից է Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորմանը։ Ոչ ոք չի ակնկալում, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվելու է մեկ գիշերում։ Այդ պատճառով էլ մենք Պրահայում համաձայնեցինք հակամարտության փուլային կարգավորմանը։
Ադրբեջանական կողմը կարծում է, որ քանի դեռ իրենց լուծումը չեն ստացել որոշ սկզբունքներ, ավելի լավ կլիներ անցում կատարել մեծ համաձայնագրին։ Դա ազդանշանի դեր կկատարեր, որ հակամարտությունը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով։
Ադրբեջանի «օկուպացված» տարածքներում «գոյություն չունի» բնակչություն, այնտեղ առկա են հայկական զինված ստորաբաժանումներ։ Այդ տարածքներից հայկական զորքերի դուրս բերումից հետո կլուծվի նաև դիպուկահարների խնդիրը։ Երբևէ ստիպված կլինենք որոշակիացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, սակայն մինչ այդ Հայաստանի զինված ուժերը «պետք է» լքեն Ադրբեջանի «օկուպացված» տարածքները։
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելուն, ապա Ադրբեջանին քվեարկության ժամանակ աջակցեց 155 երկիր, ինչը լավ ցուցանիշ է։ Իսկ ինչ վերաբերում է ՄԱԿ ԱԽ-ում ինչ-որ նախաձեռնություններով (Ղարաբաղյան հիմնախնդրի արծարծում) հանդես գալուն, ապա դրա համար պետք է նրա 5 մշտական անդամների աջակցությունը, որոնցից 3-ը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ»։









































