– ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը կարծես թե հաջողվեց փակել Մարտի 1-ի էջը: Բայց Հայաստանում այդ էջը բաց է՝ բուն հարցերը շարունակում են մնալ օդից կախված: Վերջերս ՀՔԾ պետ Վահագն Հարությունյանը ասաց, որ անհրաժեշտության դեպքում մինչև տարեվերջ նախաքննական մարմինը փաստաթուղթ կհրապարակի 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ: Հնարավո՞ր է, որ այդ փաստաթղթով էլ Հայաստանում Մարտի 1-ի էջը պաշտոնապես փակելու փորձ արվի:
– Ես չեմ կարծում, որ Մարտի 1-ի էջը փակվի, քանի դեռ նախաքննությունը ավարտված չէ, քանի դեռ բացահայտված չեն բոլոր մեղավորները: Սակայն դա ոչ թե հայտարարություն է լինելու, այլ հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ, թե որոնք են այն խնդիրները, որոնք ծանրացած են եղել նախաքննության մարմնի առջև, որտեղ է եղել դժվարությունը և այլն, և այլն: Այդ ամենի մասին հասարակությունը պետք է տեղեկացված լինի:
– Բայց ամեն դեպքում անարդյունք հաշվետվությունը բավարա՞ր եք գնահատում:
– Նայած, թե բավարար է ինչի համար: Հասարակությունը պետք է տեղեկացված լինի, թե ինչ ընթացք է ստացել նախաքննությունը, սակայն դա չի նշանակում, որ այդ էջը այդ տեսանկյունից պետք է փակված համարել: Այսինքն` նախաքննությունը շարունակվելու է:
– Երկխոսությունը ՀԱԿ-ի կողմից առաջ քաշված նախապայմանների արդյունքում ընդհատվեց: ՀԱԿ-ը խոստովանում է, որ երկխոսության գնալով՝ իրենք մեծ էլեկտորատ կորցրին: Իշխանությունը շահա՞ծ, թե՞ պարտված դուրս եկավ` թե՛ երկխոսությունից, թե՛ դրա ընդհատումից:
– Ես գտնում եմ, որ երբ խոսում ենք երկխոսության մասին, չպետք է լինեն շահող և պարտվող կողմեր: Այսինքն` երկու կողմերն էլ պետք է գործեին հանուն Հայաստանի Հանրապետության: Բայց, ցավոք սրտի, այն ընդհատվեց:
– Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս դեպքում ի՞նչ կորցրեց:
– Հայաստանի Հանրապետությունը կորցրեց մի շատ կարևոր և լավ հնարավորություն երկրի զարգացման համար:
– Չասացիք՝ իսկ իշխանությո՞ւնը:
– Եթե կորցնում է Հայաստանը, կորցնում են բոլորը, որովհետև մենք չենք դիտում մեզ Հայաստանից դուրս: Ինչպես նաև ընդդիմությանը Հայաստանից դուրս չենք դիտում:
– Երկար ժամանակ ուսումնասիրել եք «Մարտի 1»-ի գործը, հարցի վերաբերյալ ելույթներով հանդես եկել Եվրախորհրդում: Այնինչ վերջերս խոսվում է նախորդ իշխանության` հանձին Ռոբերտ Քոչարյանի, մեծ քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին: Հիշենք, որ Մարտի 1-ը տեղի ունեցավ նրա օրոք: Այս կոնտեքստում նա ունի՞ մեծ քաղաքականություն վերադառնալու բարոյական իրավունք, թե՞ ոչ:
– Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու այդ բարոյական իրավունքը ունի: Ինչպես և ցանկացած անձ ունի բարոյական իրավունք մասնակցելու քաղաքական գործընթացներին:







































