Ինչպես հավաստում են Երևանի Նոր Արեշի 35 փ. 127/1 շենքի բնակիչները, իրենց հանրակացարանի տարածքում ճահիճ է եղել, սակայն դա չի խանգարել, որ անցյալ դարի 70-ական թվականներին այնտեղ շենք վեր խոյանա: Եվ հիմա, ամեն մի երկրաշարժի հետ այս և այլ վթարային շենքերի բնակիչները ահաբեկված, սրտապատառ դուրս են վազում, որ հանկարծ բնական աղետի հետևանքով տուժած չդառնան:
Կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին, Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Վան քաղաքում տեղի ունեցած 6.6 մագնիտուդով երկրաշարժը, որի հետևանքով 100-ավոր մարդիկ մահացան ու անհետ կորան, զգացել էին նաև Հայաստանում և հատկապես վթարային շենքերի բնակիչները: Այդ անհանգստությունն ավելի է սրվել երկրի հաճախակիացած ցնցումներից: Դա էր պատճառը, որ նշյալ հասցեում ապրող նորարեշցիները երեկ կրկին եկել էին քաղաքապետարան` իրենց մասին վաղուց մոռացած իշխանություններին առկա խնդրի մասին հիշեցնելու: Նրանք պահանջում էին` իրենց փոխհատուցել բնակտարածքով` վերաբնակեցնել ապահով, սեյսմակայուն շինության մեջ, քանի որ ամեն մի ցնցում կարող է ճակատագրական լինել:
Մինչև շենքի կառուցումը կատարվել են տեղանքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններ: Դրա արդյունքներից ելնելով չի թույլատրվել նշված հասցեում բարձրահարկ կառուցել, բայց հայրենի սովետական իշխանությունը որոշել է, որ չեղած տեղը «քյալամն էլ միրգ է» ու բանվոր դասակարգի ներկայացուցիչների համար չորս պատի մեջ տեղավորվելու հնարավորություն ստեղծել: Ճիշտ է` երկու հարկից բարձր հարկայնության շենքի կառուցումը տվյալ տարածքում արդեն շինարարական նորմերի խախտում է եղել, այդուհանդերձ, շենքը կառուցվել է: Միակ «մարդասիրությունը», որ ցուցաբերել են շենքի կառուցման նախաձեռնողները և պատասխանատուները, եղել է նախապես ծրագրված 9-հարկանի շենքի փոխարեն 8-հարկանիի կառուցումը:
Շենքի կառուցումից և շահագործման հանձնելուց մոտ 20 տարի անց, ընդերքի ջրերը այնքան են թուլացրել շենքի հիմքերը և սեյսմավտանգ դարձրել այն, որ ՀՀ նախարարների խորհրդի 17.12.1990թ.-ի թիվ 577 որոշմամբ կատարվել է բնակիչների մասնակի վերաբնակեցում: Նրանք տեղափոխվել են 16-րդ թաղամաս: Մնացած ընտանիքները` մեկ այլ տեղ անավարտ մնացած շենքում տուն ստանալու որոշումները ձեռքներին, դեռ ահը սրտներում, ահուդողով, արդեն 21 տարի շարունակում են բնակվել վթարային շենքում: Նրանք իրենց խնդիրը լուծելու մի փորձ էլ արել են 2008թ.-ին` նախագահական քարոզարշավի ժամանակ. բնակիչներով հանդիպել են այն ժամանակ դեռ վարչապետ, ինչպես նաև նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին. խնդրել են, որ վթարայինի բնակիչ ավելի քան 500 մարդու կյանքի անվտանգությունն ապահովելու նպատակով շարունակեն վերաբնակեցման գործընթացը: Դրանից հետո շենքի կրկնակի, եռակի, քառակի հետազոտություններ, ուսումնասիրություններ են կատարվել` հիդրոերկրաբանական, հիմնատակերի, երկրաֆիզիկական, երկրաքիմիական, նաև Սեյսմիկ պաշտպանության անվտանգության ծառայությունն է հաստատել, որ շենքի հետ կատարվող դինամիկ զարգացումները դասվում են ՀՀ գործող ՀՀՇՆ II-6.02.2006թ. 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի շարքին, որի պարագայում պահանջվում է բնակիչների անհապաղ վերաբնակեցում:
Բնակիչների հավաստմամբ` երեք տարվա քաշքշուկից հետո Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը վերջապես պարզել է, որ վթարային շենքը ոչ թե 4, այլ 8-հարկանի է և 05.06. 2011թ. Երևան քաղաքի ավագանու հաստատմանն է ներկայացրել մեկ միլիարդ դրամի հատկացում անելու որոշում` Երևան քաղաքում առկա չորրորդ աստիճանի վթարային շենքերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Բայց քանի որ այն բավարար չէր կարող լինել առկա խնդիրը լուծելու համար, նորարեշցիները դիմել են ՀՀ կառավարությանը` գործող 05.03.1999թ.-ի թիվ 130 որոշման շրջանակներում համաֆինանսավորում ստանալու ակնկալիքով: «Խնդրում և պահանջում ենք Ձեզ` Նոր Արեշ 35 փող. 127/1 բազմաբնակարան (հանրակացարանը) 4-րդ կարգի վթարային շենքից բնակիչների անհապաղ տեղափոխման աշխատանքները արագացնել` նեցուկ կանգնելով Երևանի քաղաքապետ Կ.Կարապետյանին, քանի դեռ շենքը չի փլվել, փլվելուց հետո կլինեն բազմաթիվ զոհեր, որոնց համար կառավարությունը, ենթադրում ենք, կտա պարտադրված դրամական փոխհատուցումը»,- իշխանությանն ուղղված դիմումում նշել են շենքի բնակիչները` հորդորելով հատկացվող գումարով արագ ավարտին հասցնել կիսակառույցի շինարարությունը: Այժմ շենքում 145 ընտանիք են ապրում:
«Առաջին լրատվական»-ի հարցին` վերջին երկրաշարժից ի՞նչ վնասներ է կրել շենքը, շենքի լիազոր Ալբերտ Գևորգյանը նշեց. «Մեր շենքը գնալու է միանգամից: Վտանգը դրա մեջ է: Ընթացքում մեկ-երկու բան, որ թափվում ա, դա ոչինչ: Բայց մի հատ ծանր մեքենա, գռուզավոյ, քաղաքային տրանսպորտը որ անցնում ա, շենքը դղրդացնում ա… Ամբողջությամբ ջրի մեջ է շենքը: Էն ժամանակ էլ, որ սարքել են, էդ ժամանակ էլ չեն թույլատրել: Ընդերքային ջրեր են եղել տակը, տարածքը ճահիճ ա եղել: Պահանջում ենք բնակիչների վերաբնակեցում` օրենքի սահմաններում, ուրիշ բան չենք ուզում»:
Ի դեպ, շենքի բնակիչները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին, որ քաղաքապետարանում այժմ փորձում են համոզել, որ ոչ մի մեկ միլիարդ էլ չեն հատկացրել իրենց վթարայինի հարցը լուծելու համար, իսկ քաղաքապետարանի պատասխանատուները խուսափում են իրենց հանդիպել. երեկ նրանցից մեկն ուղղակի անակնկալի է եկել, երբ իջել է մեկ այլ` Սիսակյան փողոցի վթարային շենքի բնակիչներին հանդիպելու և, տեսնելով նորարեշցիներին, խուսափել է նրանցից: Այժմ բնակիչները նամակով դիմել են հանրապետության նախագահի աշխատակազմ և փորձում են հարցը վերահսկողական ծառայության միջոցով լուծել ու դեռ չգիտեն` ինչ կստացվի, բայց մինչ այդ վարչապետին, քաղաքապետին, ԱԺ նախագահին ուղղված նամակներում գրել են. «Մեծարգո պարոնայք, մերժելու դեպքում կիմանանք, որ մեր հանրապետության այրերը ունեն քառամյա ծրագիր, որպեսզի Երևան քաղաքը դարձնեն երկրորդ աղետի գոտի»:
«Ժամանակ»









































