Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունից, բանակում առկա խնդիրների ի հայտ բերման խումբը նախօրեին անակնկալ այցելել է Երևանին մերձակա սերժանտների պատրաստման ուսումնական զորամասերից մեկը:
Խմբի անդամները առանձնազրույցներ են ունեցել մի խումբ ժամկետային զինծառայողների հետ:
Վերջիններս նշել են, որ զորամասում առկա են խտրականության դեպքեր` կապված ազատ արձակումների տրամադրման, ինչպես նաև վերակարգի նշանակման հետ:
Մնացած առումներով զինվորները գոհ են եղել զորամասից: Զինվորականության մեջ առկա, այսպես կոչված, «արժեքային համակարգի» պատճառով տղաները խնդրել են որևէ տեղ չնշել իրենց անունը, ինչը «Չենք լռելու»-ի անդամներն արել են:
Զորամասի հրամանատարը, ով բավականին պատշաճ մարդու տպավորություն է թողել, հայտարարել է, թե տեղյակ չէ խտրականության դեպքերի վերաբերյալ` մեղքը գցելով ստորադաս սպաների վրա:
«Չենք լռելու»-ն հորդորել է առավել աչալուրջ գտնվել իր ենթակաների հանդեպ` հիշեցնելով, որ, ամեն դեպքում, զորամասում առկա արատավոր երևույթների համար պատասխանատու է հրամանատարը, իսկ թերությունները նրա ուշադրության պակասի հետևանք են:
Այցելության արդյունքների մասին հաղորդվել է պաշտպանության նախարարությանը: Նախաձեռնությունը որոշել է որոշ ժամանակ անց անսպասելիորեն այցելել նույն զորամաս` տեսնելու փոփոխությունները:
Հարկ է նշել նաև, որ նյութատեխնիկական հագեցվածության իմաստով որևէ թերություն զորամասում չի հայտնաբերվել, սակայն զինվորների միջև առկա խտրականությունը լուրջ խոչընդոտ է նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման համար:
Այցելության ընթացքում «Չենք լռելու»-ի անդամներին ապշեցրել է Հայաստանի և Արցախի անջատ (առանց ազատագրված տարածքների) քարտեզների պատկերով զորամասի ամենատեսանելի վայրերից մեկում գտնվող ահռելի ցուցատախտակը:
Հրամանատարը խոստացել է շտապ շտկել այդ խայտառակությունը` ավելացնելով ազատագրված տարածքները, որոնք մեր հայրենիքի անբաժան մասն են:
«Չենք լռելու»-ն տեղեկացնում է նաև, որ նախաձեռնության թեժ գծին զորամասերից մեկում ծառայողներից մեկի մայրը ահազանգել է, որ հրամանատարները, հղվելով գլխավոր շտաբի պետի հրամանի բացակայության վրա, թույլ չեն տալիս զինվորներին ձմեռային հանդերձանք կրել, ինչի պատճառով նրանք մրսում են:
«Չենք լռելու»-ն այդ մասին անհապաղ հայտնել է ՊՆ-ին, որը լուծել է խնդիրը:
Նախաձեռնությանը կոչ է անում բոլորին, ովքեր ունեն կոնկրետ տեղեկություններ բանակում առկա խնդիրների մասին, զանգահարել (055) 211-529 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով:









































