Բանգկոկում ջրամբարները կարող են չդիմանալ ջրի ճնշմանը. մայրաքաղաքի բնակիչները պետք է պատրաստ լինեն դիմակայել ջրհեղեղին: Այս մասին, ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, հայտարարել է Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը այն բանից հետո, երբ ջրի տակ է անցել երկրի՝ մեծությամբ երկրորդ օդանավակայանը:
Իշխանությունները տեղեկացրել են, որ առավել մեծ վտանգ է սպառնում Չաո Փրայա գետին մոտ գտնվող բնակիչներին, քանի որ գետում ջրի մակարդակը հանգստյան օրերին կարող է հասնել 2.6 մետրի:
Աղետների կենտրոնի տնօրեն Սերի Սուպարադիտը հայտնել է, որ ամենավատ սցենարի դեպքում Բանգկոկն ամբողջությմաբ կարող է ջրի տակ անցնել: Քաղաքի մեկ տասներորդ մասը` գետին և ջրանցքներին մոտ գտնվող թաղամասերը, կարող են հայտնվել երկումետրանոց ջրային ծածկույթի տակ:
Թաիլանդում շարունակվող աղետալի ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 366-ի: