Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կառավարիչների (մենեջերների) ամենամյա մրցանակաբաշխության այս տարվա մրցույթի հաղթող երեք մենեջերներին, ովքեր այս տարվա օգոստոսին երկշաբաթյա վերապատրաստման դասընթաց են անցել Սթենֆորդի համալսարանում:
Սթենֆորդի համալսարանում վերապատրաստում անցած մենեջերները նշել են, որ երկշաբաթյա ինտենսիվ թրեյնինգը հնարավորություն է տվել ծանոթանալ ՏՏ ոլորտի առաջատար ամերիկյան ընկերությունների մենեջմենթի և աշխատանքի կազմակերպման գործընթացներին: Նրանք ընդգծել են, որ կիրառական գիտելիքների ձեռքբերումը նպաստում է ՏՏ ոլորտում գործող մենեջերների որակավորման բարձրացմանը և պատրաստակամություն հայտնել դրանք փոխանցել հայաստանյան ՏՏ ոլորտի մյուս մասնագետներին` ընդլայնելով այդ գիտելիքների հասանելիության շրջանակը: Նշվել է, որ դասընթացների ընթացքում հաստատված կապերի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա դեկտեմբերին Երևանում ՏՏ ոլորտի Start-up weekend անցկացնել:
Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը տեղեկացրել է, որ այս տարի Հայաստանը վերապատրաստման դասընթացի մասնակիցների թվով գերազանցում էր ԱՊՀ երկրներին, ինչը վկայում է ՏՏ ոլորտի կառավարիչների կատարելագործման նկատմամբ ցուցաբերվող ուշադրության մասին:









































