Այսօր Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ ՀՀ դատախազությունից և Բնապահպանության նախարարությունից պահանջում են կասեցնել Թռչկանի ջրվեժի մոտ փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքները, կառուցապատողին առաջարկել կամ կառուցել ջրվեժից ցած, կամ ընդհանրապես հրաժարվել կառուցելուց:
«Հասարակության ավել ստվարացող հատված է վրդովվում Թռչկանի տարածքում ՀԷԿ կառուցելու գաղափարից»,- ասաց Ս. Սաֆարյանը՝ նշելով, որ ՀԷԿ-ի կառուցման հետևանքով Թռչկանը կարժանանա Շաքիի ջրվեժի ճակատագրին, երբ այցելուն պետք է 10 հազար դրամ տա, որպեսզի ջրվեժը «միացնեն»:
Նա նշեց, որ Բնապահպանության նախարարությունը տեղյակ չի եղել այդ տարածքում ջրվեժի գոյության մասին, հետևաբար տրված թույլտվությունները իրավական ուժ չեն կարող ունենալ և նոր փորձաքննության կարիք կա:
«Կառավարությունը խախտել է միջազգային օրենսդրությունը: Փոքր ՀԷԿ-ի կառուցումը արդեն իսկ ազդում է ջրվեժի վրա»,- փաստեց Ս. Սաֆարյանը՝ հավելելով, որ 4000-ից ավելի անդամ ունեցող Facebook-յան խումբը շուրջօրյա հերթապահություն է կազմակերպելու ջրվեժի մոտ:









































