Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվական»-ը, պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՌԴ պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ:
Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում նախ` շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին` ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ այդ բարձր պաշտոնում գործունեության մեջ:
ՌԴ խորհրդարանի երկու պալատների ղեկավարների հետ ՀՀ նախագահի հանդիպումների ժամանակ կողմերը նշել են, որ Ս. Սարգսյանի պետական այցը ՌԴ բավականին արդյունավետ է ընթանում. ստորագրվել են տարբեր ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք փաստաթղթեր:
Զրուցակիցների խոսքով, դրանք նոր հեռանկարներ են բացում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Նշվել է, որ երկու ռազմավարական գործընկեր երկրների միջև քաղաքական, տնտեսական, ռազմական, հումանիտար ոլորտներում բարձր մակարդակի սերտ հարաբերություններն ու համագործակցությունը միանգամայն համահունչ են հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ոգուն:
Ս.Սարգսյանը կարևորել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ խորհրդարանի երկու պալատների միջև համագործակցությունը: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել միջխորհրդարանական հանձնաժողովին և նրա համանախագահներին, այդ թվում` հանդիպմանը ներկա Նիկոլայ Ռիժկովին, արդյունավետ գործունեության ու հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում մեծ ներդրման համար:
Հանդիպման ժամանակ երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ զարգացող փոխգործակցության համատեքստում կարևորվել է նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում:
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել միջտարածաշրջանային համագործակցության զարգացման մասին ևս` կարևորելով Հայաստանի մարզերի և ՌԴ վարչական սուբյեկտների միջև ընդլայնվող փոխգործակցությունը: Հանդիպման մասնակիցները նշել են, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այդ ներուժը:
Հանդիպումների ժամանակ կարևորվել է նաև Ռուսաստանի հայ համայնքի դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում:
Պետական այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի նաև ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ:







































