Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովն իր «Ադրբեջանը «տանուլ է տալիս» Ղարաբաղը» խորագրով հոդվածում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ոչ վաղ անցյալում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կովկասյան տարածաշրջանային այցն ուրվագծեց Եվրոպայի քաղաքականության կարևոր վեկտորները։ Դա նաև վերաբերում է Երևանում նրա արած հակաթուրքական հայտարարություններին։
Ջոն Հոփկինսի համալսարանի՝ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ինստիտուտի տնօրեն Ֆրեդերիկ Սթարը կարծում է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խումբ կոչված մեքենան արդեն 20 տարի է, ինչ չի աշխատում և կանգնած է նույն տեղում, ապա պետք է մտածել, թե դա ինչ մեքենա է.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, առանց ԱՄՆ-ի էներգետիկ նախաձեռնությունների, ոչինչ չի ստացվի։ Մեծ սպասումներ կային Մեդվեդևի միջնորդական ջանքերից, սակայն դրանք արդյունք չտվեցին։ Դրա համար էլ այժմ ժամանակն է, որ ԱՄՆ-ն ավելի ակտիվ զբաղվի Հարավային Կովկասի խնդիրներով»։
Իսկապես պետք է համաձայնել, որ Դմիտրի Մեդվեդևը շատ մեծ ջանքեր գործադրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն այն մեռյալ կետից առաջ չշարժվեց։ Դա բացատրվում է նրանով, որ Մոսկվան ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տարբերակը, որը կայանում է նրանում, որ չվնասի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ազգային շահերին։
Գործողությունների զարգացման այլ սցենար, այդ թվում՝ նաև հակամարտության կարգավորման գործընթացի նախաձեռնությունն արևմտյան երկրներին հանձնելը, կնշանակի միայն մեկ բան. Ղարաբաղի անկախության ճանաչում։ Հետագայում պատմաբանները կսկսեն գլուխ կոտրել նրա վրա, թե ինչու Անդրկովկասի ամենաուժեղ պետությունը հանդիսացող Ադրբեջանը զրկվեց «իր տարածքի» մի մասից, և ով է պատասխանատու դրա համար՝ չնայած այդ հարցի պատասխանն ակնհայտ է այսօր»։










































