Լոնդոնի «Սթեասթեդ» օդանավակայանում իռլանդական Ryanair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի հետ տեղի է ունեցել զվարճալի և միևնույն ժամանակ վտանգավոր միջադեպ: Դեպի Ռիգա չվերթ իրականացնող և շուրջ 200 ուղևորներ տեղափոխող օդանավը ստիպված է եղել օդակայան վերադառնալ թռիչքից 20 րոպե հետո, քանի որ պարզվել է, որ օդաչուները ինքնաթիռը «նորոգել են» կպչուն ժապավենով:
Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Mail պարբերականը, դեպքը տեղի է ունեցել դեռ սեպտեմբերի 29-ին: Թռիչքներից մեկի ժամանակ օդաչուների խցիկում ճակատային ապակին սկսել է շարժվել: Նոր թռիչքից առաջ օդաչուները որոշել են վերանորոգել այն, ընդ որում՝ դրա համար օգտագործել են կպչուն ժապավենը:
Հետաքրքիր է, որ «վերանորոգման» ամբողջ գործընթացը տեղի է ունեցել հենց զարմացած ուղևորների աչքի առաջ: «Տղաներից մեկը կանգնած էր աստիճանների վրա, իսկ մյուսը դուրս էր եկել պատուհանից»,- պատմել է ականատեսներից մեկը:
Այնուամենայնիվ, ինքնաթիռը թռիչք իրականացրել է: Սակայն արդեն մի քանի րոպե անց կպչուն ժապավենը սկսել է պոկվել, ինչի պատճառով ուժեղ աղմուկ է առաջացել: Արդյունքում սարսափահար ուղևորներին ստիպված են եղել հայտարարել, որ ինքնաթիռը վերադառնում է օդանավակայան:
Իռլանդիայի ավիացիոն վարչությունից լրագրողներին տեղեկացրել են, որ կպչուն ժապավենը օգտագործվել է նոր պատուհանի հերմետիկ պաշտպանությունն ապահովելու համար, և որ «ուղևորների անվտանգությանը ոչինչ չէր սպառնում»:
Այնուամենայնիվ, մասնագետներն այլ կարծիքի են: Նախկին օդաչու Ջոն Հինթրիփը բրիտանական The Sun պարբերականին պատմել է, որ հետևանքները կարող էին աղետալի լինել. եթե պատուհանը պոկվեր, օդաչուները կարող էին դուրս թռչել օդանավից:








































