Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վարչական հարցերով Թբիլիսիի դատարանը չի բավարարել վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և նրա կնոջ՝ Եկատերինա Խվեդելիձեի փաստաբանների ներկայացրած հայցը, որը վերաբերում էր Վրաստանի նախագահի կողմից նրանց վրացական քաղաքացիության կասեցմանը։
Իվանիշվիլիի փաստաբան Շալվա Տադումաձեն հայտնել է, որ դատարանը չի բավարարել Վրաստանի նախագահի թիվ 602 հրամանը չեղյալ հայտարարելու վերաբերյալ իրենց ներկայացրած հայցը, որով Վրաստանի քաղաքացիությունից զրկվել են Իվանիշվիլին ու նրա կինը։
Տադումաձեի կարծիքով՝ այդ ամենն ապօրինի է և խախտում է Իվանիշվիլիի ու նրա կնոջ իրավունքները։ Այժմ Իվանիշվիլիի փաստաբանները մտադիր են 12 օրում բողոքարկել այդ դատավճիռը։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Իվանիշվիլիին ու նրա կնոջը այս տարվա հոկտեմբերի 11-ին զրկել է Վրաստանի քաղաքացիությունից, որը նրանց շնորհվել էր դեռևս 2004 թվականի հուլիսի 22-ին։









































