ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարության անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին Հայաստանում իրականացվող տեսչական բարեփոխումները:
Խորհրդի անդամ Գևորգ Պողոսյանը նշեց, որ տեսչական բարեփոխումների հայեցակարգը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 2009 թ. սեպտեմբերին:
Այդ բարեփոխումների նպատակն է` կանոնակարգել տնտեսավարողների մոտ իրականացվող պետական ստուգումները, որպեսզի այլևս չլինեն չհամակարգված և մի քանի անգամ կրկնվող ստուգումներ: Պողոսյանը նկատեց, որ այս բարեփոխումները նպատակ ունեն ստեղծել տեսչական մի այնպիսի համակարգ, որը կբացառի մի քանի պետական մարմինների կողմից նույն տնտեսվարողի մոտ ստուգումներ իրականացնելը, ինչպես նաև՝ այս կերպ տեսուչը ոչ թե կօգտագործի հավելյալ լիազորություններ, այլ տնտեսավարողի հետ կլինեն գործընկերներ:
Պողոսյանը նշեց, որ տեսուչը պետք է տնտեսավարողին սխալն ուղղելու հնարավորություն տա, այսինքն նախազգուշացման ինստիտուտը պետք է անպայման գործի: Իսկ խախտումները կրկնվելու պարագայում նոր համակարգը ոչ թե շեշտը դնելու է ֆինանսական տուգանքների վրա, այլ ստանդարտներին չհամապատասխանող ապրանքը կարող է նաև հետ կանչվել:
Խորհրդի քարտուղարության մեկ այլ անդամ Հայկ Այվազյանն էլ նշեց, որ ստուգումները պետք է իրականացվեն հստակ ստուգաթերթիկների միջոցով, որն իրենից ներկայացնում է օրենքին համապատասխանող պարզեցված հարցեր, ինչն ավելի կհեշտացնի նաև տնտեսվարողների գործունեությունը, և վերջինս այլև կարիք չի ունենա օրենքներում և օրենսդրական ակտերում փնտրել ու գտնել իրեն վերաբերող կետեր:
Գևորգ Պողոսյանն էլ տեղեկացրեց, որ այս ընթացքում փոփոխվել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման» ՀՀ օրենքը, համաձայն որի՝ տեսչական մարմինները պետք է ներդնեն ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ և պլանավորեն ստուգումները՝ ելնելով տնտեսվարող սուբյեկտի ռիսկայնությունից: Պողոսյանը պարզաբանեց, որ կան երեք խմբի` բարձր, միջին և ցածր ռիսկայունթյան տնտեսվարողներ: Բարձր ռիսկայնությամբ տնտեսվարողների մոտ տեսչական ստուգումներ պետք է անցկացվեն տարին մեկ անգամ, միջին ռիսկայնության տնտեսվարողների մոտ` 3 տարին մեկ անգամ, ցածրի դեպքում` 5 տարին մեկ անգամ, ընդ որում՝ բարձր ռիսկայնությամբ տնտեսվարողների խմբում կարող են ընդգրկվել ստուգման ենթակա տնտեսվարողների առավելագույնը մինչև 20 տոկոսը:
Տեսչությունները պարտավոր են յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 1-ը հաստատել և հրապարակել ստուգման տարեկան ծրագրերը, իսկ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը պետք է ներկայացնեն հաշվետվություն: Պողոսյանը նշեց, որ այս կետը կսկսի գործել 2013-ից, երբ կարող ենք ակնկալել 2012-ի հաշվետվութունը, իսկ այս տարվա դեկտեմբերի 1-ին կներկայացվի ստուգումների պլանը:
Պողոսյանը նաև նկատեց, որ, բացի պլանավորված ստուգումներից, հնարավոր են նաև արտահերթ ստուգումներ, եթե սպառողը շուկայում ինչ-որ խնդրի է հանդիպում, ապա կարող է դիմել տեսչությանը և տեսչությունն իրավունք ունի ստուգում անցկացնել:
Նա նաև տեղեկացրեց, որ տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է, իսկ անդամների մի մասը ներկայացնում են պետական այն մարմինների ղեկավարներին, որոնք ունեն ստուգող ստորաբաժանումներ, մյուս մասը մասնավոր հատվածի ներկայացուցիչներն են:







































