Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի համակարգչային ցանցը 2011 թ. հուլիսից պարբերաբար հաքերային հարձակման է ենթարկվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ճապոնական Asahi Shimbun թերթը:
Ինչպես թերթին պատմել է անանուն աղբյուրը, չարագործները համակարգչային վիրուսի օգնությամբ ձեռք են բերել խորհրդարանականների էլեկտրոնային հասցեների գաղտնաբառերը: Ենթադրվում է, ցանցահենները նպատակ են ունեցել տեղեկություն ստանալ պաշտպանության և միջազգային հարաբերությունների ոլորտում Ճապոնիայի քաղաքականության մասին:
Նշվում է, որ առաջին կոտրված համակարգիչը վիրուս է ստացել Չինաստանում գրանցված սերվերից, սակայն հնարավոր չէ պարզել, թե ով է ներբեռնել վիրուսը:
Սա Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի վրա առաջին հաքերային հարձակումն է: Սակայն առայժմ տեղեկություն չկա` արդյո՞ք ցանցահենները փոխել կամ ջնջել են որոշակի ինֆորմացիա խորհրդարանի ներքին ցանցում:









































