ԼՂՀ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտչյանին «սուր փսիխոզ» ախտորոշմամբ Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով օրերս ձերբակալված 3 զինծառայողները չեն կալանավորվել: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով ՊՆ քննչական ծառայությունից ստացված տեղեկատվությանը: Ըստ այդմ՝ շարքայիններ Ալբերտ Առաքելյանին և Մովսես Բադալյանին մեղադրանքներ են առաջադրվել զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, իսկ սերժանտ Վաչիկ Գրիգորյանին` զինծառայողին վիրավորանք հասցնելու համար, սակայն նրանց ոչ թե կալանավորել են, այլ հանձնել են զորամասի հրամանատարության հսկողությանը: Նախաքննական մարմինն իր այդ քայլը հիմնավորել է այն հանգամանքով, որ նրանց արարքը ծանր չէ, նախաքննությունից չեն թաքնվի, արդեն զղջացել ու հանցանքը բացահայտող ցուցմունքներ են տվել:
ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ Արման Պողոսյանը ռադիոկայանի հետ զրույցում նշել է. «Եթե նման ամեն մի հանցանքի համար բոլորին կալանավորեն, բավականին շատ կլինի և ծանր կլինի…Կա վիրավորանք, մի քանի ապտակ, ու ընդամենը սա է: Վիճաբանություն, վիրավորանք է եղել, սերժանտի կողմից ծեծ է եղել` մի երկու ապտակ»:
Հիշեցնենք, որ, ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների, զորամասում ստորացրել էին 19-ամյա Ժորա Մկրտչյանին, ոտնահարել նրա արժանապատվությունը, բռնության ու ծեծի ենթարկել, ծխախոտ հանգցրել մարմնի վրա, ինչի մասին լրատվամիջոցներին տեղեկացրել էր որդուն հոսպիտալում տեսակցության գնացած հայրը` Մկրտիչ Մկրտչյանը: «Անտանելի վիճակ, կապույտ… ձեռքերը ծխախոտով վառած, ականջը լրիվ ցխած, հույս չունեմ, թե ականջը կվերականգնվի, ոտքերը` վերք, կապույտ, ու սրտից է բողոքում, ասում է` քացով միշտ սրտիս էին խփում»,- պատմում է հայրը: Իսկ պատճառը եղել էր տղայի զինգրքույկը զուգարանը գցելը, ինչից էլ սկսվել է վեճը:
Ինչ վերաբերում է բանակում մահվան վերջին դեպքերին, հոկտեմբերի 9-ին մահացած Վլադիմիր Ասատրյանի, հոկտեմբերի 13-ին մահացած Յուրիկ Ներսիսյանի գործերով ձերբակալվածները կալանավորվել են, իսկ Արամ Մելքոնյանի մահվան համար մեղադրանքով դեռ ոչ ոք ձերբակալված չէ:









































