«Իրանը պատրաստ է վերականգնել բանակցությունները երկրի միջուկային ծրագրի միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ»,- հայտնում է France-Press գործակալությունը` հղում կատարելով Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հայտարարությանը:
Անցած ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 21-ին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել էր, որ միջազգային միջնորդների «վեցնյակը» կարող է Իրանի հետ բանակցություններ սկսել մոտակա ժամանակներս, եթե Թեհրանը պատրաստ լինի լրջորեն մասնակցել բանակցություններին` նվիրված իր միջուկային ծրագրին:
ԱՄՆ-ը և արևմտյան մի շարք երկրներ Իրանին մեղադրում են՝ խաղաղ օգտագործման պատրվակով միջուկային զենք մշակելու մեջ: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է` հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է միայն երկրի էլեկտրաէներգիայի պահանջները բավարարելուն: «Վեցնյակի» մեջ են մտնում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը:
ՄԱԿ-ի ԱԽ-ն վերջին տարիների ընթացքում Իրանի միջուկային ծրագրի դեմ մի քանի բանաձևեր է ընդունել, որոնց մի մասը նախատեսում է Իրանի դեմ սանկցիաներ:









































