Մայրաքաղաքում հյուրանոցային շինարարության և հյուրանոցային գործի զարգացմանն անչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Ֆիլոքսենոս պոլսկա սպոլկա» լիազորված ընկերության նախագահ Ռոբերտ Դիլեվսկու գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Հյուրերը քաղաքապետին են ներկայացրել աշխարհի տասնյակ երկրներում ներկայացված «Հիլթոն» հյուրանոցային ցանցի զարգացման ծրագրերն ու մատուցվող ծառայությունների փաթեթը և իրենց հետաքրքրությունները հայտնել Երևանում «Հիլթոն» ապրանքանիշը ներկայացնող միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրի կառուցման հարցում:
Կարևորելով մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացումը` քաղաքապետը ողջունել է հանրաճանաչ հյուրանոցային բրենդի հնարավոր ներկայությունը Երևանում.
« Բարձրորակ ծառայություններն ապահովում են զբոսաշրջության համար համապատասխան միջավայր: Մենք շահագրգռված ենք ներդրումային առաջարկով: Վստահ եմ, որ «Հիլթոն» ապրանքանիշը ներկայացված կլինի Երևանում և պատրաստ ենք քննարկել փոխշահավետ գործակցության առաջարկներ»,-նշել է Կարեն Կարապետյանը:










































