«Մենք տեսնում ենք, որ շատ մարդիկ երբեք չեն մտածում: Նրանք պատրանք ունեն, որ իբր մտածում են, սակայն իրականում «այն»-ն է, որ մտածում է նրանց փոխարեն: Իսկ ի՞նչ է «այն»-ը` կհարցնեք դուք. զանգվածային տեղեկատվական միջոցները, ընդհանուր մթնոլորտը…» :
1968թ. Հայաստանի գյուղերից մեկի դպրոցի բարձր դասարանի աշակերտները ոգևորված էին հիփփիների մշակույթով (սուբկուլտուրայով): Դժվար է ասել` այդ դեռահասներն ու պատանիները հիփփիական շարժմամբ հետաքրքրվում էին, թե ոչ, ինչքանով կարող էին տեղեկացված լինել, սկզբունքներին ծանոթ ու համակիր, քանի որ մի հսկա գաղափարականացված կառույցի քաղաքացիներ էին, այն է` Խորհրդային Միության: Իսկ դա նշանակում է, որ պետության մեջ գոյություն ուներ մեկ կուսակցություն, մեկ կուսակցական գաղափարախոսություն` տիրապետող բոլոր ոլորտներում: Կառավարող ոլորտներում ևս պարտադիր էր կուսակցական պատկանելությունը, խիստ հետապնդվում էին այլակարծությունը, այլախոհությունը: Բնականաբար` նման գրաքննության և համատարած թելադրվող «միակարծության» շրջանակներում, դրսից` Արևմուտքից (իսկ այն ժամանակ` տակավին «թշնամական Արևմուտք», քանզի Խորհրդային Միությունը (Ռուսաստանը) սառը պատերազմի մեջ էր ԱՄՆ հետ), մշակութային արժեքների ներմուծումը գաղափարականացված կառույցի համար վտանգավոր էր համարվում, առավել ևս, եթե միօրինակությունից դուրս, ազատատենչ գաղափարներ էր պարունակում այդ նորաձևությունը կամ մշակութային ուղղությունը:
Այնուամենայնիվ` հիփփիների մշակույթի մաս համարվող որոշակի հատկանիշներ` ինչպես, օրինակ, երկար մազերը, արևմուտքում նորաձև լայն փողքերով տաբատները մտել էին խորհրդային նորաձևության մեջ: Անդրադառնալով բարձր դասարանցիների պատմությանը, որոնք ոգևորված խնամում էին երկար մազեր և հագնում լայն տաբատներ, կարելի է պատկերացում կազմել, թե ինչ վերջաբան կարող էր ունենալ նորաձև մշակույթի ընդօրինակումը պետական վերահսկողությամբ հաստատության մեջ: Եթե թեսթ պատրաստենք` որպես անավարտ իրավիճակ, որը պետք է եզրափակել` թե ինչ կատարվեց հետո, առաջարկենք արևմուտքի ժողովրդավար ազատ երկրներում մեծացած և ապրող մարդկանց, ապա նրանց հավանական պատասխանները շատ տարբեր կլինեն մեր անգամ այժմյան կյանքի արժեքները կրող մարդու պատասխաններից: Սակայն հիմա մեր տեսակի մեջ էլ ենթադրվում են ծայրահեղ դիրքորոշումներ. հատկապես ակնհայտ տարբեր կլինի կրթական համակարգի «իրականության» մեջ գտնվող և այդ համակարգի «իրականության» հետ շփվող զանգվածների վերաբերմունքը:
Գուցե միայն ենթադրություններով նկարագրածը փորձարարական կողմով կկաղի, սակայն հետագայի վերլուծությունը և միջադեպերի ներկայացումն ու դրանց նկատմամբ հասարակական կարծիքը կհաստատի «թեսթի» հնարավոր պատասխանները: Այսպես` իրավիճակի առաջին մասը դժվարությամբ ընկալելով, «ազատ» երկրներում մեծացած «ազատ» (հարաբերականորեն ազատ, քանի որ, միևնույն է, կրում են իրենց հասարակության արժեհամակարգը` գիտակցված կամ ենթագիտակցորեն, ինչ-որ տեղ «պարտադրված») մտածողության տեր մարդիկ, հավանաբար, կպատասխանեին, որ առնվազն նկատողությամբ կարգելվեր նման տեսքով դպրոց ներկայանալը, և միգուցե դպրոցի դռան մոտ «face control» կազմակերպվեր, մինչև հավուր պատշաճի ներկայացում չապահովվեր: Մենք` անգամ հետխորհրդային սերունդը, ավելի «հետաքրքրաշարժ» և «վառ երևակայությամբ, բայց խորհրդային միօրինակության խստությամբ» կնկարագրեինք իրավիճակի հանգուցալուծումը: Եվ չէինք սխալվի, քանի որ մինչև այժմ մեր հասարակության մեջ դեռևս խորհրդային վարչակարգը իներցիայով գոյություն ունի:
Միջադեպն ավարտվեց այսպես. տնօրենն այդ տղաներին նկատողություն արեց, և հաջորդ անգամ նրանց տեսնելով նույն «ձևի» մեջ` կանչեց իր մոտ, մկրատով կտրեց 16 տարեկան տղաների մազերը, այնուհետև տաբատի փողքերը: Դա ընդհանուր համապատկերում համարվեց «նորմալ», «բնականաբար, այդպես պետք է լիներ» ընդունված մտածողության ձևով: Հասարակությունն աջակցող էր տնօրենի արարքին, հասարակական կարծիքը որակեց տնօրենին որպես «արհեստավարժ» դաստիարակ և ղեկավար: Իսկ տղաների ներքին ըմբոստությունը, հոգեվիճակները, անհարմար իրավիճակը, վիրավորանքը, սեփական անձի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, թերևս, ոչ մեկին հետաքրքիր չէր:
Խորհրդային գաղափարականացված պետության մեջ, ինչպես հատուկ է տոտալիտար վարչակարգին (որն իր բովանդակությամբ շարունակում է գոյություն ունենալ մինչև օրս, թեև ձևով ավտորիտար է), իշխանությունը կուռ հիերարխիկ կառույց է` բուրգ, որի ամենավերևում իշխանության ղեկավարն է: Բուրգի կառուցվածքում կան դիրքեր, կարգավիճակներ և դրանց միջև գոյություն ունեցող կապեր: Խորհրդային գաղափարախոսությունը հիերարխիայով իջնում և վարչահրամայական եղանակներով տարածվում էր բոլոր օղակների վրա: Կառույցի յուրաքանչյուր աստիճան ունի իր լծակը` կառույցի ներսում իրականացնող և դրսում կիրառող: Կառույցի հոգեբանական մթնոլորտը կախված է իշխանության ղեկից: Եթե բուրգի ղեկավարը թույլ է տալիս շեղում, կեղծիք, խաբեություն` պղծվում է ամբողջ բուրգը (քծնանք, շողոքորթություն, նախանձ, պաշտոնամոլություն և այլն): Խորհրդային ժամանակաշրջանում այդ բուրգի միահեծան ղեկավարի շնորհիվ ստեղծվեց նաև «հոր կուռքը», որի գործերն անքննելի էին, իսկ անձը` գրեթե կիսաստված: Հերոսը նման կառույցներից է «ծնվում», որտեղ կա հիերարխիա և հարաբերությունների մեջ գործունեություն, համեմատություն: «Հայր» Ստալինի վերաբերյալ զանգվածը համոզված էր, որ դա հենց այն առաջնորդն է, որն իրեն պետք էր: Գործում էր ամենափրկչի գաղափարը, իրեն ներկայացնում էր որ-պես «ամենայն» հերոս, համապատասխան որակներ էր «ցուցադրում»: «Հայրը» վաստակել էր հրամայելու անքակտելի իրավունքը, որին մնում էր միայն լռակյաց ենթարկվել` հաշվի առնելով նաև ենթարկեցնելու գործիքակազմերը:
Ըստ Ֆրեյդի, եկեղեցին և բանակը արհեստական զանգվածներ են, որոնցում անհրաժեշտ են ստիպողականությունն ու ճնշումը՝ դրանք փլուզումից և կառուցվածքային փոփոխություններից պահպանելու համար: Սակայն այս բնորոշումը և գործիքակազմը նաև ավտորիտար համակարգի բնութագրիչներից է: «Եկեղեցում, ինչպես նաև բանակում, որքան էլ նրանք տարբեր լինեն` պաշտամունքային է նույն խաբուսիկ, կեղծ պատկերացումը, թե գոյություն ունի բարձրագույն իշխող մեկը` տիրակալը (կաթոլիկ եկեղեցում` Քրիստոսը, բանակում` հրամանատարը), ով զանգվածի յուրաքանչյուր անդամին սիրում է հավասարապես: Այդ պատրանքի վրա հիմնվում է ամեն ինչ, և պահպանվում են այդ երկու զանգվածները, եթե այն հանենք, անմիջապես կքանդվի ամեն բան:
Ոչ մի կասկած չկա, որ Քրիստոսի հետ եկեղեցու յուրաքանչյուր անդամի կապը միաժամանակ զանգվածի անդամների միջև կապերի պատճառ է համարվում: Նույնը վերաբերում է նաև բանակին` հրամանատարը հայր է, որը միատեսակ սիրում է իր բոլոր զինվորներին, և դրա համար նրանք ընկերներ են» : Այս սոսնձող գաղափարը մեծ նշանակությամբ է իր գործառույթը կատարում նաև աշխարհիկ բռնատիրական իշխանության մեջ: Վերից վար անցնում են վերահսկման և կարգուկանոնի պահպանման մեխանիզմներն ու լծակները: «Հոր» կերպարի տակ պետության երաշխավորանքը, անձին երաշխավորելը դիտվում էր որպես «անձնական» երևույթ, մտերմիկ վիճակ: Այդ կարգը հասնում էր նաև մինչև դպրոցներ, դպրոցի տնօրեն-ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ:
Ամենավերևից եկող հարաբերությունների ձևավորմամբ, յուրաքանչյուր օղակում դրանց ընդօրինակմամբ, իրենց սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններով «խորհրդային հասարակության» մեջ ստեղծվել էր «հաստատուն» միջանձնային, միջխմբային և միջհասարակական հարաբերությունների «կայուն մշակույթ»: Հատկապես այդ ժամանակաշրջանից ամրապնդված բուրգի աստիճանական կառուցվածքում յուրաքանչյուր օղակ ընդօրինակման և նույնականացման խնդիր ուներ իր անմիջական վերադասի հետ, նույնականացվել, ընդօրինակել բոլոր կողմերով` թե արտաքինը, հագուստը, թե վարքագծային` մինչևիսկ դիմախաղերն ու շարժուձևերը:
Նույնականացման ձգտման համար ստորադասը գիտակցորեն կամ ենթագիտակցորեն ընդօրինակում էր իր անմիջական վերադասին: Այսինքն` այդ իսկ հարաբերությունները, որպես հարաբերությունների շղթայի մի մաս, նույնությամբ ածանցվում էին (և են) մյուս օղակներում: Մեկ օղակի նկարագրությունը բավարար էր շղթայում գոյություն ունեցող բարոյահոգեբանական մթնոլորտի նկարագրության համար: Ընդօրինակման միջոցով լուծում էին մի շարք կարևոր խնդիրներ. օրինակ` վերադասի համար իր ստորադաս օղակի նույնկերպ վարքագիծը «հասկանալի» և ընդունելի էր, այդպիսով պահպանվում էին «սիմբիոտիկ միասնականությունը» և վերահսկելիությունը: Ամենամեծ խնդիրը և պահանջը հենց վերահսկողությունն էր, որն էլ իրականացվում էր յուրաքանչյուր օղակում: Այդպես ձևավորված գոյություն ուներ միատոն մշակույթ, որի խորապատկերում արտասովոր և անընկալելի էին այլատիպությունը, վարքագծի այլ դրսևորում և այլակարծություն:
2011թ. սեպտեմբերին Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի ուսուցչուհին` 4-րդ դասարանի դասղեկը դասարանում, աշակերտների ներկայությամբ, կտրել է 9-ամյա վեց տղաների մազերը` պատճառաբանելով, որ երկար են :
1968 թվականից մինչև 2011-ը անցել է 43 տարի. այդ 43 տարիների ընթացքում աշխարհն ամենատարբեր ոլորտներում ամենատարբեր զարգացումներ է ապրել: Եղել են հեղափոխություններ, վարչակարգերի տապալումներ, տեխնիկական հզոր փոփոխություններ, հանճարեղ հայտնագործություններ, վերջապես` ԽՍՀՄ փլուզում, որի արդյունքում առանձին հանրապետություններ ձեռք բերեցին անկախություն, և հիմա էլ փորձում են ժողովրդավարական ուղով զարգանալ, գաղափարական «ազատություն», մշակութային բազմազանություն, արևմուտք-արևելք կապերի լայնացում և զարգացում: 1968թ. 16 տարեկանի ստացած տեղեկատվության ծավալը (16 տարիների ընթացքում) ներկայում անձը ստանում է մինչև դպրոց հաճախելը: Փոխված է շատ բան, բայց ուսուցչի մտածողության ձևն ու բովանդակությունն անփոփոխ են մնացել: Տնօրեն-ուսուցիչ, ուսուցիչ-աշակերտ հարաբերություններն իրենց յուրահատկությամբ պահպանված են խորհրդային ժամանակների մոդելով, վերադասի «աստվածացման» նրբերանգներն այսօր էլ կան:
Սակայն կա տարբերություն. եթե 1968թ.-ին նույն վարքը հանրորեն ընկալելի էր և աջակցվող, հասարակության միասնությունն ու հավասարության սկզբունքներով ընդունված միօրինակությունը խախտողների նկատմամբ նրանց անձի արտաքինի, էսթետիկայի մասին որոշում կայացնելը` հասկանալի և խրախուսվող, ապա այսօր դպրոցում նույն խորհրդային մտածողության կողքին կա նաև որոշակի ձերբազատված զանգված, դպրոցից մեկ քայլ դուրս ևս կա մի այլ տիպի համակեցության ձգտող հասարակություն: Նմանատիպ արարք կատարվել է մի շարք անգամներ, սակայն դրա մասին չի բարձրաձայնվել, միգուցե շատ փոքր «ծավալով» է տարածվել, քանի որ ներքին անհամաձայնություն ունեցող մարդիկ հարմարվել են իրավիճակին, կոնֆորմիզմ դրսևորել և վախեցել «ընդունված» վարքին ընդդիմախոսելով` թշնամական երևալ: Նույնատիպ արարքի նկատմամբ այսօրվա հասարակական տարբեր շերտեր տարբեր կարծիքներ և վերաբերմունք ունեն. հասարակական գնահատանքը ոչ միանշանակ է, գործում է հակառակ բևեռը, այսինքն` ուսուցչի արարքը խախտում, խանգարում է հասարակական սոցիալական հարաբերությունները:
Նկարագրված միջադեպերից հարց Է առաջանում. մտածողության և վարքագծի առանձնահատկությունները, սոցիալ-հոգեբանական նման հարաբերությունների գոյությունն այսօր ինչո՞վ են պայմանավորված:
1. Հոգեկան գործընթացների, սոցիալական ամրապնդված նորմերի ու հարաբերությունների իներցիայով:
2. Ինքնաիրացման և ինքնահաստատման դրսևորման մղումով (զանգվածային ենթագիտակցականի տեղեկատվությամբ):
3. Հոգեբանական ինքնապաշտպանության մեխանիզմերի օգտագործմամբ («ինձ հետ այդպես են վարվել», «մեր ժամանակ այդպես էին վարվում»): Կոնֆորմիզմ:
4. Ագրեսիվ վարքագծի դրսևորմամբ`
ա/ հոգեբանական ինքնապաշտպանական բնույթի /փոխհատուցման մեխանիզմ/,
բ/ ավտորիտար, ապակառուցողական անձի տեսակ /սադիստական բնավորություն/,
գ/ «իշխանություն» ցուցադրելու միտում:
5. Սոցիալական բնավորություն, բնավորության տիպով
Սոցիալիզացիայի հիմնական փուլերի ժամանակ ձևավորվում են անձի սոցիալական բնավորության հիմնական ուղղվածությունը, բարդույթները, անձնային առանձնահատկությունները:
Դիտարկենք յուրաքանչյուր դրդապատճառ.
1. Հոգեկան գործընթացների, սոցիալական ամրապնդված նորմերի և հարաբերությունների իներցիա
Հաճախ ենք լսում, հատկապես կրթական համակարգում համեմատությունները անցյալ ժամանակների հետ` «մեր ժամանակ այդպես էր»: Մարդու ցանկությունն ակտուալ է այդ համեմատություններով գնահատել այս կամ այն երևույթը: Անձի «կառույցում» պաշտպանական մի հզոր մեխանիզմ կա, որը հոգեկանի գլխավոր առանձնահատկությունն է: Դա հոգեկանի իներցիան է, մտածողության, հույզերի, վարքագծի, որի շնորհիվ անձը երկար ժամանակ հաստատուն է մնում իր համոզմունքներին, դիրքորոշումներին` որպես հիմնական գիտելիք: Առհասարակ ընկալման և մտածողության իներցիան սովորաբար դրսևորվում է անճկունության և կարծրատիպացման ձևով, այսինքն` անձը չի ցանկանում և անկարող է կատարվող իրադարձությունների վերաբերյալ փոխելու հայացքների համակարգը և նոր եզրահանգումներ անելու դրանցից, փոխելու ուղղությունը և բնույթը` հրաժարվելով արդեն ընդունած որոշումներից կամ որոշումներ ընդունելու ձևերից: Մտածողության իներցիան` կապված իր դաժանության և անճկունության հետ, տոտալիտարիզմի հատկանիշներից մեկն է, ինչպես նրա սոցիալ-քաղաքական (քաղաքական որոշումների մենաշնորհումը), այնպես էլ քաղաքական-հոգեբանական (տոտալիտար ու ավտորիտար հասարակություններում ձևավորվող անձի հատուկ տիպ, ըստ մտածողության ձևի և գիտակցության առանձնահատկության) արտահայտվածություններում:
«Իներցիան հանգստի իրավիճակը կամ միապաղաղ շարժումը պահպանելու հատկություն է այնքան, մինչև որևէ արտաքին պատճառ, ազգակ (երևույթ, գործընթաց, իրավիճակ) այդ վիճակից չհանի» : Ուսուցչուհին նույն ոճով վերաբերվել է, դասավանդել այնքան (ինչպես նաև տնօրինությունը, որ այդ «հայացքների և մտածողության» անմիջական կրողն է և օրինակը), մինչև հասարակական բողոքը նրանց հանեց իներցիոն մտածողության վիճակից: Քանի որ ոչ միայն մտածելակերպի ժառանգությունն ենք ստացել սոցիալական նորմերի իներցիայով, այլ նաև հասարակական հակազդող վարքն է նույն ազդակին իներցիոն գոյությամբ «թույլատրել» դեպքի կրկնությանն ու ամրապնդմանը: Երբ շատ իրավիճակներ պահպանված են, մարդու հակազդող վարքը ևս համապատասխան տրվելով այդ ազդակին, ստացվում է` ինչպես առաջ: Այսպես` խորհրդային մտածողության առանձնահատկություններն այս մեխանիզմի օգնությամբ պաշտպանվում և խորանում են ժամանակի մեջ: Որքան ավելի է շարունակվում սխալական ուղղությունը, այնքան ավելի դժվարանում է արմատական փոփոխությունը, քանի որ դրա իրականացման համար ստեղծված են ինչպես օբյեկտիվ, կազմակերպչական, այնպես էլ սուբյեկտիվ, հոգեբանական պայմաններ. փոխված են քաղաքական կազմակերպման միջոցները, ձևավորված է մարդկանց նոր գիտակցություն: Այսպիսի կարծրատիպային մտածողության և վարքագծի կրողները շատ դժվար են «գիտակցում» (awareness), որ իրենց ընկալման սահմաններից և ընդունված հայեցակետերից դուրս գոյություն ունեն այլ կերպ մտածող մարդիկ, վարքի այլ ձևեր: Այդպիսի անձը հիմնականում չի կասկածում իր արարքի ճշմարտացիությանը և իր ցանկացած գործողություն «այնքան բնական և այնքան համապատասխան, համահունչ է», որ երբեմն բնավորության առանձնահատկություններից ելնելով` գրեթե ակամա է գործում, կարծելով, որ շատ բնական հակազդում է տվել: «Մտածողության իներցիան քաղաքական հոգեբանության մեջ դիտարկվում է որպես ցանկացած, այսպես կոչված, «հին» քաղաքական մտածողության հիմնական դետերմինանտներից մեկը » :
2. Ինքնաիրացման և ինքնահաստատման դրսևորում (զանգվածային ենթագիտակցականի տեղեկատվությամբ)
Որպես իրավիճակին տրվող հակազդման ձև, վարքագիծ և լուծման տարբերակ` կրթության համակարգում բազմիցս լսել են նման դեպքերի մասին (տարիներ ի վեր նման դեպքերը կրկնվել են), ինչպես նաև վարքագիծը խրախուսվող և ընդունված է եղել առանց բարձրաձայնելու և անխոս` որպես բարոյաէթիկական ընդունված նորմ. սա ինչպես գիտակցված, այնպես էլ ենթագիտակցական տեղեկատվությունն է: Առավել ևս խրախուսված է, քանզի ընդգծում է ուսուցչի «սուպեր-մարդ» լինելը և «անսահմանափակ հնարավորություններն ու իրավունքները» աշակերտների նկատմամբ: Իրականացվում է երկու գործառույթ. ուսուցիչն իրեն «իրացված և պիտանի/պահանջված» է զգում սերնդի դաստիարակման հարցում, շոյվում է իր փառասիրությունը երեխաների վրա ունեցած իշխանությունից: Մյուս գործառույթի էությունն այն է, որ իրացրած վարքը ստեղծում է այն նույն «վախի» մթնոլորտը, որը տարիներ ի վեր սերմանվել էր մարդկանց մեջ` իշխողի անձի նկատմամբ: Աստիճանաբար իջնելով` ավելի ցածր օղակում էլ «ցանցային մասնիկ» ուսուցիչը վերարտադրում է իրավիճակը:
3. Հոգեբանական ինքնապաշտպանության մեխանիզմերի օգտագործում («ինձ հետ այդպես են վարվել», «մեր ժամանակ այդպես էին վարվում»)
Տրավման վերապրելու և դրանից «ինքնամաքրվելու» համար անձը հաճախ է «վերադառնում» դեպի տրավմատիկ իրավիճակ: Տրավմատիկ իրավիճակի կրկնությունը ենթագիտակցական մղում է՝ հակառակ դիրքում գտնվելու և դիմացինի նվաստացումը, իր գերիշխանությունը «տեսնելու» միջոցով ձերբազատվել իրեն տանջող երբեմնի ապրումներից: Այսինքն` ինքնապաշտպանության մեխանիզմների միջոցով հոգեբանորեն վերարտադրվում է ավտորիտար վարքագիծը: Հաճախակի ինքնապաշտպանական մեխանիզմների դիմելը և սեփական թերարժեքության բարդույթը փոխհատուցելը երբեմն «ապակառուցողական» վարք են ենթադրում: Թերարժեքության բարդույթի առկայությունը հիերարխիայում ավելի է սրվում: Հասկանալի է, որ անձը չի կարող հանգիստ, ինքնաբավարարված ապրել` բարդույթ ունենալով: Դրա համար շատ բնական է, որ նա փնտրում է միջոց, որը թույլ կտա, եթե չազատվել, ապա գոնե բացառել չկայացվածության բացահայտումը: Այդպիսի միջոց նրա համար համարվում է «փախուստ» դեպի այն իրավիճակները, շրջապատը և գործունեությունը, որոնք չեն ստիպի նրան կասկածել իր ուժերին և թույլ կտան ինքնարտահայտվելու առանց հիվանդագին հոգեկան ապրումների կամ կպահպանեն, անգամ կբարձրացնեն ինքնագնահատականը: Մյուս կողմից` նրան անպատճառ պետք է ինքնահաստատվել` մյուսներին ենթարկելով իր կամքին, նրանց վրա իշխել և, այդպիսով, փոխհատուցել թերարժեքության զգացումը: «Հենց այդ պահանջմունքը` ինքնահաստատման, իշխանության ձգտումը և դառնում է մարդկային վարքի շարժիչ ուժը» : Ադրելի կարծիքով` մարդու կյանքում հոգեկան էներգիայի սկզբնաղբյուր համարվում է յուրաքանչյուր մարդուն ի ծնե տրված պահանջմունքը` զգալ իրեն որպես աշխարհի մասնիկ, մարդկության ամբողջության ընդհանրության զգացում: Ընդհանրության զգացումը համարվում է հոգեկան առողջության և անձի սոցիալական ադապտացիայի չափ, որոշում է սոցիալական կապերում ներգրավվածության աստիճանը: Այդ զգացումը որոշ մարդկանց մեջ կարող է լինել զարգացած և ուժեղ, իսկ մյուսների մեջ` ծառայել իշխանատենչ ձգտումներին, լինել ճնշված և թույլ:
4. Ագրեսիվ վարքագծի դրսևորում.
ա/ հոգեբանական ինքնապաշտպանական բնույթի /փոխհատուցման մեխանիզմ/,
բ/ ավտորիտար, ապակառուցողական անձի տեսակ /սադիստական բնավորություն/,
գ/ «իշխանություն» ցուցադրելու միտում:
Տարբեր տեսություններ և տեսակետներ կան, սակայն ընդհանուր առմամբ ագրեսիայի կենսաբանական, սոցիալական, հոգեբանական տեսակները մեկ ընդհանուր միտում ունեն, այն է` պաշտպանական, ինչպես նաև կրկնօրինակման (գոյություն ունեցող տեսակետ): Այլ խնդիր է, թե որն ինչպիսի պաշտպանությամբ է բնութագրվում:
Ագրեսիվ գործողությունների նկատմամբ հակումների արմատները կարող ենք տեսնել անձի անցյալում, օրինակ` մարդկանց հետ շփման մեջ անհաջողություն կրելուց կամ հիասթափություն ապրելուց, լքվելուց, հուզական դեպրիվացիայից: Աշխատանքում դրսևորելով ագրեսիա, անձի դրդապատճառները կարող են տարբեր լինել` սկսած իրեն թվացող ֆիզիկապես սպասվող վտանգից մինչև իբրև հոգեբանական «ուժի» դրսևորում: Առհասարակ, ագրեսիվ վարքն ու գործողությունները կարող ենք ամփոփել ոչ թե առանձին, այլ նաև որպես ցանկացած «դեստրուկտիվ» վարքագծի հիմքում ընկած երևույթ, սոցիալական բնավորության տարրերից մեկը, որպես հոգեբանական ինքնապաշտպանական մեխանիզմ, որպես ինքնահաստատմանն «օգնող» կամ ինքնաիրացման յուրահատուկ վարքագիծ:
Սակայն անձանց առավել քան ագրեսիվ վարքագիծը Ֆրոմը ձևակերպում էր որպես սադիզմ: «Սադիզմը, հաճախ սիրո դիմակի տակ է թաքնվում : Կառավարելով մարդկանց, կարելի է պնդել, որ դա իրենց շահերից է բխում, և հիմնականում իբրև սիրո դրսևորում է: Բայց այդպիսի վարքի հիմքում ընկած է իշխելու ձգտումը» :
5. Սոցիալական բնավորություն, բնավորության տիպ
Սոցիալիզացիայի հիմնական փուլերի ժամանակ ձևավորվում են անձի սոցիալական բնավորության հիմնական ուղղվածությունը, բարդույթները, անձնային առանձնահատկությունները: Գործունեության տարբեր տեսակներ պահանջում են ամբողջովին տարբեր բնավորություններ և առաջացնում են տարբեր վերաբերմունք շրջապատի նկատմամբ: Մարդու անձը նախ ձևավորվում է ըստ կյանքի որոշակի ոճի, որովհետև ընտանիքը միշտ կրում է իր հասարակության և դասի բնորոշ հատկանիշները, հետագայում մասնագիտության բնագավառում ձևավորվում է մասնագիտական բնավորություն, որն ամենօրյա սովորույթների կրկնության արդյունքում կամա-ակամա դառնում է անձի կայուն կառուցվածք:
Յուրաքանչյուր մարդ իր գործունեության շրջանակներից է աշխարհին նայում, իր գործունեության բնավորությամբ է գնահատում և «շտկում» իրականությունը: Խորհրդային մտածողության ձևը վարքի մեջ դրսևորված, ամրապնդված և դարձած է բնավորություն: Այդ բնավորությունը նույն համակարգում բազմաթիվ մասնագետներ (այստեղ` ուսուցիչներ) կրելով` կամա-ակամա սերունդներին փոխանցում են որպես «ճիշտ փորձ», որպես ընդունված բարոյաէթիկական նորմեր, դասավանդման ու վերաբերմունքի «աշխատող» ոճ:
Ամփոփում
Օրենքները գնացել են, սովորույթները` մնացել: Սովորույթները մնացել են և դարձել բնավորություն, բնավորությունը քարացել է և «ժառանգաբար» փոխանցվում է յուրաքանչյուր հաջորդ սերնդի: Այս ամենը շատ հեշտ է «աշխատում», քանի որ հիմնական նպաստող և իրականացվող մեխանիզմ կա հիմքում, այն է՝ հոգեկանի իներցիան՝ քաղաքական ընկալման, քաղաքական հույզերի ու քաղաքական վարքագծի իներցիան:
Մարդու ազատության դարաշրջանում դեռ շատ ոլորտներում և հարցերում չենք զգում անազատության աստիճանն ու կաշկանդվածությունը, ճիշտ հակազդումներ տալն ու առհասարակ հակազդելու անհրաժեշտությունը, այն մտածողության վերհանումը, որն արգասիք է տոտալիտար և բռնատիրական կառավարման համակարգերի տիրապետության:
Իսկ անհատական, անձի հոգեբանական մակարդակով, այդ «ընդունված» մտածողությունը և նորմերը կրելուց բացի, անձն իր կյանքում, իր գործունեության մեջ մշտապես խնդիրների է հանդիպում և փորձում լուծել՝ «ինքնատիպ» և «ոչ ինքնատիպ» խաղացանկով. մի դեպքում վարքագիծը բացատրվում է ֆրուստրացիաներին տրվող պաշտպանությամբ, մյուս դեպքում՝ իր ունեցած իշխանության մեջ ինքնահաստատվելով, երրորդ դեպքում՝ բավարարում է իր կառավարելու կամ իշխելու ձգտումը և այլն:
Սխալ որոշումների զանգվածային ընկալման և հանդուրժողականության հետ զուգահեռ` լայնանում է այդ սխալականության համառությունը: Ամբողջական վերանայման փոխարեն իներցիայի միջոցով անընդմեջ վերարտադրվում են սխալ որոշումներ, որոնք ուղեկցվում են կորուստներով` նյութական, քաղաքական, բարոյական:
Հեղինակը ՌԱՀՀԿ փորձագետ է:








































