Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պլանավորված է, որ վաղը Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրելու են թուրքական տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի տարանցմանն առնչվող պայմանագիրը։ Այս մասին հայտնում են Եվրոպայի նավթագազային շրջանակները։
Նշվում է, որ վաղը Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի է ունենալու տեղի նավթավերամշակման գործարանի հիմնարկեքի արարողությունը, որի շրջանակներում էլ տեղի է ունենալու թուրք-ադրբեջանական գազային համաձայնագրի կնքումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե թուրք-ադրբեջանական գազային համաձայնագիրը պետք է կնքվեր մինչև սեպտեմբերի վերջ, սակայն կողմերի միջև առկա տարաձայնությունների պատճառով այն հերթական անգամ հետաձգվեց։
Խոսքն ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլի (2017) արդյունքում ստացվելիք գազի մասին է, որից ադրբեջանական կողմը պետք է տարեկան 6 միլիարդ խորանարդ մետր գազ վաճառի Թուրքիային և 10 միլիարդ խորանարդ մետր գազ Թուրքիայի տարածքով տարանցի դեպի Եվրոպա։
Ի դեպ, հոկտեմբերի 25-ին Իզմիրում մեկնարկելու է Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցելու են Թուրքիայի վարչապետ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև մի շարք նախարարներ։






































