ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ Լիբիայում Մուամար Քադաֆիի վարչակարգը տապաալելուց հետո անհրաժեշտ է քննարկել Սիրիայում ռազմական միջամտության հարցը:
«Այժմ, երբ Լիբիայում ռազմական գործողություններն ավարտին են մոտենում, ուշադրությունը դարձյալ պետք է կենտրոնացնել այն հարցի վրա, թե գործնականում ինչ ռազմական գործողություններ պետք է ձեռնարկել Սիրիայի քաղաքացիական բնակչության պաշտպանության համար»,- հայտարարել է նա` ելույթ ունենալով Հորդանանում ընթացող՝ Մերձավոր Արևելքին նվիրված Համաշխարհային տնտեսական ֆորումում:
Մաքքյենը հայտարարել է, որ նախագահ Ասադի վարչակարգը չպետք է մտածի, թե կարող է հեշտությամբ «մարսել» զանգվածային սպանությունները: «Ընդդիմության շրջանում լսվում են ռազմական միջամտության այս կամ այն ձևի՝ գնալով ուժգնացող կոչեր: Մենք լսում ենք այդ օգնության կանչերը… և համագործակցում ենք (ընդդիմադիր) Ազգային խորհրդի հետ»,- ասել է սենատորը:
Սիրիայում երկրի նախագահի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը սկսվել են մարտի կեսերից: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն` մինչ այժմ երկրում զոհվել է ավելի քան 3000 մարդ:










































