Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 30-ամյա ընդմիջումից և երկու տարվա վերանորոգման աշխատանքներից հետո Թուրքիայում վերաբացվել է Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին։
Եկեղեցու վերաբացմանը մասնակցել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Վաշինգտոնում ԱՄՆ Արևելյան թեմը ներկայացնող Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Հալեպի հայկական եկեղեցու եպիսկոպոս Շահան Սարգսյանը և այլք։
Ընդհանուր առմամբ, եկեղեցու վերաբացմանը մասնակցել է 1500 հայ։
Հիշեցնենք, որ եկեղեցու վերանորոգման ծախսերը կազմել են 3.4 միլիոն դոլար։ Ծախսերի մեծ մասը հոգացել է Թուրքիայի հայ համայնքը, իսկ մի մասը՝ Դիարբեքիրի քաղաքապետարանը։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եկեղեցին ծառայել է որպես գերմանական շտաբ, իսկ դրանից հետո՝ որպես բամբակի պահեստ։ Ներկայումս եկեղեցու վերաբացումը մեծ զարկ կտա տարածաշրջանի զբոսաշրջությանը, քանի որ ամեն տարի հազարավոր մարդիկ կայցելեն այստեղ։








































